Նրանք դարձել են հանցագործ, որովհետև այսօր երկիրը շուռ տված է. Լևոն Զուրաբյան
«Հայ ազգային կոնգրես» կուսակցության երիտասարդական միության համագումարի ժամանակ այսօր ԱԺ նույնանուն խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ իրենց երիտասարդական միջավայրը եղել է մի միջավայր, որտեղ մարդը հնարավոր չի շեղվի, կեղծվի, և այդ միջավայրը միշտ իրենց բոլորին տվել է մեծագույն էներգիա, իսկ իրենց երիտասարդները դարձել են հանցագործ այս երկրում, որովհետև երկիրը շուռ տված է այսօր:
«Բայց ես ուզում եմ այսօր խոսել մի հանցավոր կազմակերպության մասին, որը տարիներ շարունակ բռնության է ենթարկել իրավապահ մարմիններին, խանգարել հասարակական անդորրը: Այս կազմակերպության դեմ լուրջ պայքար է գնացել, ես չեմ խոսում Յակուտիայի մասին, ես խոսում եմ ՀԱԿ երիտասարդական թևի մասին»,-ասաց նա։
Պատգամավորը հռետորական հարց ուղղեց. «Ովքե՞ր են այդ մարդիկ, եկե՛ք հիշենք այդ հանցագործների, այդ կռվարարների մասին. Տիգրան Առաքելյան, Սարգիս, Արեգ, Անի Գևորգյաններ և այլոք: Ովքե՞ր են այս մարդիկ»:
Պատասխանելով իր իսկ հարցին՝ Լևոն Զուրաբյանն ասաց, որ ինքն այդ մարդկանց գիտի որպես շատ պայծառ և լուսավոր մարդիկ: «Նրանք դարձել են հանցագործ այս երկրում, որովհետև մեր երկիրը շուռ տված է այսօր: Ավազակները կառավարում են, ավազակները ստանում են հարգանքի տուրք, իսկ լուսավորյալ և արժանապատիվ երիտասարդները հայտնվում են բանտերում»,- հայտարարեց նա:
Վերջինիս խոսքով՝ այսօր կա մի հայրենիք, որտեղ տեղի է ունենում հակառակը։ «Բայց մենք ուզում ենք ունենալ այն հայրենիքը, որտեղ լուսավորյալ և արժանապատիվ մարդիկ կղեկավարեն պետությունը, իսկ հանցագործները կլինեն բանտերում»,– ասաց նա:
Խոսքն ուղղելով երիտասարդներին՝ ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանն էլ իր հերթին ասաց. «Դուք շատ լավն եք, ամենահամարձակն եք, ամենաուժեղը, ամենակամքով լեցունը, այն, որ դուք պահում եք փողոցը, պահում եք հասարակության ուժը, դա արդեն հզորություն է»:
Նրա խոսքով՝ հենց այդ կամքը, այդ համառությունը թույլ է տալիս գալ իշխանության: «Մենք կարող ենք, դա լինելու է: Բայց հաշվեք, որ երբ մենք ունենանք իշխանություն, մենք ունենալու ենք խնդիրներ, բայց մենք գալու ենք գրագետ, իշխանություն ձևավորող կադրերով: Մեր ասելիքը իշխանությանը պետք է ասենք, որ գալիս ենք պատրաստված, մրցունակ կադրերով»,- ընդգծեց նա:
Վերջինս նաև հայտարարեց, որ իրենց պայքարի ընթացքում իրենցից շատերը չեն հասցրել կրթություն ստանալ, իրենցից շատերը բանտերում են լեզու սովորել, բայց ինքնակրթվել են:
Սա է լինելու մեր հիմնական ուղեցույցը և մեր մրցունակությունը: Մենք գալիս ենք մեր կամքով, մեր ուժով հաղթելու: Եվ մենք գիտենք, որ հաղթում է ուժեղը, գրագետը, զուսպը»,- եզրափակեց Արամ Մանուկյանը:










