«Տաշիրի» շնորհիվ Ծաղկաձորում է ևս 300 երիտասարդ

20:59 • 10.05.14

Մայիսյան հաղթանակների տոնական տրամադրությունը լոռեցի 300 երիտասարդներ տեղափոխել են Ծաղկաձոր: Այստեղ այս օրերին անցկացվում է հերթական եռօրյա հավաքը՝ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ:

 

Հաղթանակած ժողովրդի այսօրվա զավակները համախումբ են իրենց ազգային արժեքների շուրջ, հերոսականության աներեր ոգու շուրջ և գալիս են ապացուցելու, որ իրենք ոչ միայն հետևորդն են հաղթանակ ապահոված հերոսական սերունդների, այլև՝ պատասխանատու են այդ հաղթանակների շարունակականության առումով: Հենց այդ գաղափարն էր դրված այսօր առավոտյան կազմակերպված ֆլեշ-մոբում, որն, ըստ էության, խորհրդանշական շուրջպար էր:

 

«Տաշիր» բարեգործական հիմնադրամի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ նման հավաքները վաղուց դասվում են «Տաշիր» հիմնադրամի կողմից կազմակերպվող ավանդական դարձած միջոցառումների շարքը: Կարևորվում է ոչ միայն երիտասարդության պատշաճ հանգստի կազմակերպումը, այլև՝ մտավոր ներուժի զարգացմանն ու արժեհամակարգերի պահպանմանն ուղղված նախաձեռնությունների զուգորդումը:

 


Արդեն կայացել են ինտելեկտուալ խաղ մրցույթը, շախմատի մրցաշարը, ինչպես նաև՝ մշակութային-երաժշտական մրցույթ-փառատոնը: Հայտարարվել է նաև տնտեսագիտական վերլուծությւոնների մրցույթ, որպեսզի երիտասարդությունը հնարավորություն ունենա ներկայացնել իր տեսլականը մեր երկրի առջև ծառացած խնդիրների ու մարտահրավերների լուծման ու հաղթահարման ուղիների վերաբերյալ:


Կեսգիշերին մոտ նախատեսվում է Եվրատեսիլի՝ 300 ուսանողների միացյալ դիտում՝ երկրպագելու և աջակցելու մեր մասնակցին: Երիտասարդների եռօրյա հավաքը կավարտվի վաղը: