Հիշատակի մոմավառություն՝ ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատան մոտ. (տեսանյութ)
ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատան առաջ մի խումբ քաղաքացիներ այսօր գիորգիևյան ժապավեններով, «ոչ ֆաշիզմին» գրությամբ ցուցապաստառներով մոմավառություն արեցին՝ հարգանքի տուրք մատուցելով մայիսի 2-ին Օդեսայում տեղի ուենցած անկարգությունների հետևանքով զոհվածների հիշատակին։
«Երևանի աշխարհաքաղաքական ակումբի» ղեկավար Արման Բոշյանը հայտարարեց, թե ֆաշիզմի զոհերին հիշելով՝ պետք է հիշել, որ ֆաշիզմը պատժվել է 1945թ-ին և կպատժվի կրկին։ «Պատմությունն ամեն ինչ իր տեղը կբերի և արդարությունը կրկին կվերականգնվի»,-նշեց նա։
Արման Բոշյանը նկատեց, թե Օդեսայի դեպքերը Սումգայիթի դեպքերի կրկնությունն է։ «Երբ վիրավորներին չէին օգնում, հակառակը՝ սպանում էին, որևէ բժշկական օգնություն չէր տրվում»,-ասաց նա։
Արման Բոշյանին լրագրողները հիշեցրեցին, որ երբ Եվրամայդանում տասնյակ զոհեր եղան, այն ժամանակ էլ նմանատիպ ակցիա եղավ Երևանում Ուկրաինայի դեսպանատան դիմաց, և հարցրեցին, թե արդյո՞ք «Երևանի աշխարհաքաղաքական ակումբը» միացել էր այդ մոմավառության ակցիային։
«Մենք ո՛չ, չարեցինք ակցիա, այսօր անում ենք, որովհետև այսօր մարդկանց վառում են, իսկ այն ժամանակ մարտեր էր տեղի ունենում և արձագանքները այնքան շատ էին, որ մեր կողմից արձագանքելու կարիք չկար»,-ասաց նա։
Tert.am-ի հարցին, թե արդյո՞ք մտավախություն չկա նման քայլերով Հայաստանին ու հայերին ներքաշել ուկրաինական կոնֆլիկտի մեջ, Երևանի աշխարհաքաղաքական ակումբի ղեկավարը պատասխանեց. «Ո՛չ, Ուկրաինայի ներքին խնդիրների մեջ Հայաստանին չենք ներքաշում։ Մենք չենք կարող չարձագանքել այն դեպքերին, որոնք սումգայիթյան դեպքերի գրեթե նույն կրկնությունն է։ Դուք գոնե տեղյա՞կ էք, որ հայերին այնտեղ հետապնդում են, հայերին գտնում էին նրանց տները վառում են»,- հարցրեց նա։
Հարցին, թե ինչպե՞ս կարող են այդ տեղեկությունը հաստատել, գուցե հայ համայնքից հարցին, Արման Բոշյանը պատասխանեց, թե հայ համայնքը փորձում է չեզոք դիրքում մնալ։
Իսկ թե ինչո՞ւ են այդքանն իմանալով՝ իրենք իրենց ակցիաներով միջամտում, պատասխանեց, թե իրենք ընդամենը զոհերի հիշատակի ակցիա են անում։
«Ինչո՞ւ երբ այստեղ հավաքվում էին Եվրամայդանի կողմնակիցները որևէ մեկը հարց չի տալիս»,- հարցրեց նա և երբ հաստատեցինք, որ նույն հարցը տրվել է, մասնավորապես թե ինչո՞ւ պետք է անպայման բաժանվել կամ արևմտամետ, կամ ռուսամետ թևերի, Բոշյանը պատասխանեց. «Մենք ռուսամետ չենք բացարձակապես, մենք հայամետ ենք միանշանակ, եթե տեղի են ունենում սպանություն, մենք չէինք կարող չարձագանքել»։










