ՌԴ փոխվարչապետը Կոնչիտա Վուրստին անվանել է «եվրահեռանկար եվրաինտեգրվողների համար»
Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը մեկնաբանել է Կոնչիտա Վուրստի հաղթանակը «Եվրատեսիլ-2014» երգի մրցույթում:
«Եվրատեսիլը եվրաինտեգրվողներին ցույց տվեց իրենց եվրահեռանկարը` միրուքավոր աղջկան», - Газета.Ru-ն մեջբերում է Ռոգոզինի թվիթերյան գրառումը, որն ուղեկցվել է հաղթող մասնակցի լուսանկարով:
Կոնչիտա Վուրստը բեմական կերպար է, որն իր համար ստեղծել է ավստրիացի երգիչ Թոմաս Նոյվիրտը: Հիշեցնենք, որ վերջինս նախօրեին հաղթող է ճանաչվել «Եվրատեսիլ-2014» երգի 59-րդ ամենամյա մրցույթում` հավաքելով 290 միավոր:
Կոնչիտա Վուրստի հաղթանակը մեծ իրարանցում էր առաջացրել նաև Instagram-ի ռուս օգտատերերի շրջանում, ովքեր ակտիվորեն մասնակցել են «Ապացուցի՛ր, որ դու Կոնչիտա չես» ֆլեշմոբին` սափրելով իրենց մորուքը։










