Շրյոդերը բացատրել է Պուտինի ներկայությունն իր ծննդյան օրը
Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը մեկնաբանել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ներկայությունն իր ծննդյան տոնակատարությանը, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Welt am Sonntag-ին:
«Մենք այդպես ողջունում ենք իրար սկսած այն ժամանակից, երբ ծանոթ եմ Վլադիմիր Պուտինի հետ, իսկ այդ ծանոթությունն արդեն տևում է ավելի, քան 14 տարի: Եվ ես չեմ պատրաստվում ինչ-որ բան փոխել»,- հայտարարել է Շրյոդերը:
Շրյոդերը նաև նշել է, որ հենց իր ծննդյան օրը նա հնարավորություն է ունեցել Պուտինի հետ քննարկել այդ ժամանակ Սլավյանսկում գերի գտնվող ԵԱՀԿ-ի արտասահմանցի դիտորդների ազատ արձակման հարցը:
Իր հարցազրույցում Շրյոդերը կոչ է արել Կիևի իշխանություններին դադարեցնել ուժի կիրառումը երկրի արևելքում:
«Ուկրաինայի կառավարությունը պետք է այժմ օգտագործի ցանկացած հնարավորություն կոնֆլիկտի խաղաղ կարգավորման համար: Եթե դա տեղի չունենա, ապա նա անպատասխանատու գործած կլինի»,- հայտարարել է Շրյոդերը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ նախկին կանցլերին քննադատել են Վլադիմիր Պուտինի հետ ծննդյան օրը նշելու համար:










