Սեյրան Օհանյանը մեկնել է Իջևան և այցելել զինծառայողի մահվան դեպքի վայր

15:44 • 11.05.14

10.05.2014թ. N զորամասում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ այսօր` մայիսի 11-ին, վաղ առավոտյան ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մեկնել է Իջևան, այցելել զինծառայողի մահվան դեպքի վայր: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։ 

Պաշտպանության նախարարը ռազմական ոստիկանության Իջևանի տարածքային բաժնում ՀՀ ՊՆ քննչական ծառայության, ռազմական ոստիկանության վարչության պետերի, բանակային զորամիավորման և զորամասի հրամանատարների, բարձրաստիճան այլ զինվորականների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել:

Նախարարին են ներկայացվել գործի հետ կապված նախաքննության ու ծառայողական քննության բոլոր մանրամասները: Գործի քննության` մասնավորապես ծառայողական քննության ողջ ընթացքը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը վերցրել է իր անմիջական հսկողության տակ և հանձնարարել պարբերաբար զեկուցել դրանց առնչվող բոլոր տեղեկությունները:

Նախարարը հանձնարարել է անել հնարավորը ճշմարտությունն արագ բացահայտելու և մեղավորներին գտնելու համար: 

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ, ըստ նախնական տվյալների, 10.05.2014թ., ժամը 08:50-ի սահմաններում, հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Ներսես Ղազարի Կարապետյանը` գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումով: Իջևանի քաղաքային հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին Ներսես Ղազարի Կարապետյանը մահացել է: