Ռուսաստան-Մոլդովա հարաբերությունները կվերանայվեն, եթե Մոլդովան ստորագրի Ասոցացման համաձայնագիրը. ՌԴ փոխվարչապետ

09:28 • 12.05.14

Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, որը Մերձդնեստրի հարցով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչն է, հայտարարել է, որ Ռուսաստան-Մոլդովա տնտեսական հարաբերությունների վերանայում կպահանջի, եթե այդ երկիրը ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրի, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

 

Ըստ ռուսաստանցի պաշտոնյայի՝ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը կնշանակի Մոլդովայի չեզոքության փոփոխություն: Ըստ նրա՝ Ասոցացման համաձայնագիրն ավտոմատ ձևով նշանակում է նաև անդամակցություն ՆԱՏՕ-ին:

Նա չի բացառել նաև վիզային ռեժիմի սահմանումը Մոլդովայի հետ:

 

Ռոգոզինը միևնույն ժամանակ հայտնել է, որ ուրախ կլինի, եթե Մոլդովան միանա Մաքսային միությանը:

 

Օրերս Ռոգոզինին արգելվել էր իր օդանավով մուտք գործել Մոլդովայի տարածք, ինչը հարուցել էր նրա վրդովմունքը: