Կոնգոյում ֆուտբոլային խաղի ժամանակ տեղի ունեցած անկարգությունների հետևանքով 15 մարդ է մահացել

10:31 • 12.05.14

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում ֆուտբոլային խաղի ժամանակ տեղի ունեցած անկարգությունների հետևանքով մահացել է 15 մարդ, ևս 21-ը հայտնվել է հիվանդանոցում։

 

Ինչպես նշում է Взгляд-ը, միջադեպը տեղի է ունեցել Կինշասա քաղաքում՝ «Վիտա» և «Մազեմբե» ֆուտբոլային ակումբների հանդիպման ժամանակ։

 

Երբ «Մազեմբեն» գոլ է խփել, հակառակորդ թիմի երկրպագուները սկսել են խաղադաշտի ուղղությամբ քարեր ու այլ իրեր նետել, ինչի պատճառով դատավորը ստիպված է եղել մի քանի անգամ ընդհատել խաղը։

 

Սակայն, երբ խաղն ավարտվել է «Մազեմբեի» հաղթանակով, իրավիճակն ավելի է լարվել, և ոստիկանությունը ստիպված է եղել արցունքաբեր գազ կիրառել։ Իրավապահների գործողությունները հանգեցրել են երկրպագուների շրջանում խուճապի ու հրմշտոցի առաջացման։