Նախնական տվյալներով՝ Դոնեցկի ինքնավարության համար քվեարկել է բնակիչների 89,7 տոկոսը

08:45 • 12.05.14

Դոնեցկի շրջանում անցկացված հանրաքվեում հանրապետության ինքնավարության օգտին է քվեարկել ընտրողների 89,7 տոկոսը: Նման տվյալներ է ներկայացնում ria.ru-ն՝ վկայակոչելով ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ԿԸՀ-ի նախագահ Ռոման Լյագինին: Նախնական արդյունքներով՝ «դեմ» է քվեարկել 10,19 տոկոսը, 0,74 տոկոս քվեաթերթիկներն անվավեր են ճանաչվել:


Ընդ որում, ԿԸՀ-ի համակարգող և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության պրեզիդիումի համանախագահ Բորիս Լիտվինովը նշում է, որ պաշտոնական տվյալներ դեռ չկան, քանի որ ձայների հաշվարկը նոր է սկսվել: «Հայտնված տվյալները հիմնվում են միայն ընտրատեղամասերից հեռախոսային զանգերի վրա»,- ասել է նա: Քվեարկության վերջնական արձանագրությունը կկազմվի երկուշաբթի օրվա կեսին:


Դոնեցկի շրջանում հանրաքվեին մասնակցել է բնակչության 74,87 տոկոսը, իսկ Լուգանսկում՝ 81 տոկոսը: