Հայ հասարակությունը հանդուրժող չի դարձել, ԼԳԲՏ-ն է համախմբված քվեարկել. հոգեբանը Կոնչիտայի՝ ՀՀ-ից ստացված ձայների մասին
Հայաստանում քվեարկության արդյունքներով Կոնչիտա Վյուստի 2-րդ հորիզոնականում հայտնվելը բոլորովին չի նշանակում, որ մեր հասարակությունում կտրուկ փոփոխություններ են տեղի ունեցել դեպի սեռական հանդուրժողականությունը։ Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց հոգեբան Սամվել Խուդոյանը։ Նրա համոզմամբ՝ այն պայմանավորված է ԼԳԲՏ (լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) համայնքի համախմբված քվեարկությամբ։
«Հայ հասարակությունը ավանդապահ հասարակություն է և չեմ կարծում, որ նման մեծ թիվ կազմեր։ Գուցե հանդուրժող լինեին, բայց ոչ դրական վերաբերմունք ցուցաբերվեր։ Ես տոլերանտ եմ համարում այդպիսիներին, շատ շատերը շատ խիստ բացասական վերաբերմունք ունեն։ Իհարկե, հատուկ հետազոտություն չի կատարվել, բայց հիմնականում խիստ բացասական վերաբերմունք ունեն այդ կարգի երևույթների նկատմամբ»,- ասաց նա։
Սամվել Խուդոյանը նշեց, թե իրականում հնարավոր է Հայաստանից նման պատկեր լինի, և բացատրեց, թե ինչու. «Որովհետև սպայկա են կազմած այս մարդիկ ինչպես Հայաստանում, այնպես էլ ամենուր և ոչ մի միջոց չեն խնայում ևս մեկ անգամ հաստատելու իրենց գոյության իրավունքը։ Մի հրահանգով նրանք բոլորն էլ կարող են միաձայն քվեարկել, երբ ուրիշները ավելի դիտորդի դերում են։ Նրանք համախմբված ձևով են իրենց ձայները տվել իրենց նմանին և դրանով է պայմանավորված, որ նման պատկեր է ստացվել»։
Դիտարկմանը, թե այսինքն Հայաստանում ԼԳՏԲ համայնքը այդքան բազմամարդ է՝ հոգեբանը պատասխանեց. «Ես չգիտեմ այդքան քվեարկող կա, թե չկա։ Օրինակ, եթե Հայաստանից 100 մարդ է քվեարկել, այդ 100 հոգու ձայները, քանի որ ուղղորդված չեն եղել՝ մեկը Ռուսաստան, մեկը Վրաստան, մեկն իր նախընտրած կատարողին, գնացել են այդպես կորել, բայց եթե ասենք՝ այդ 100-ից 50-ը հոմոսեքսուալիստ լինի, կամ սեռի հետ կապված խնդիր ունենա, նրանք համախմբված քվեարկել են Կոնչիտայի օգտին և նման պատկեր է ստացվել, ոչ թե մեզ մոտ նմանները շատ են»։
Ինչ վերաբերվում է սոցցանցերի արձագանքին ու իրական պատկերի հակադրությանը, ապա Սամվել Խուդոյանը նշեց, որ հնարավոր է նաև գտնվեն մարդիկ, ովքեր քվեարկած լինեն, բայց իրենց գրառումներով քննադատեն։ «Հնարավոր է նման պատկեր լիներ, որովհետև ֆեյսբուքում մարդիկ տեսանելի են, գիտեն ով ով է, և նրանք ասում են այն, ինչ կուզենային լսել բոլորը, նույնիսկ եթե դրական վերաբերմունք ունենային, քչերը կգրեին դրա մասին, որովհետև գիտեն, որ հասարակական պարսավանքի կենթարկվեն»,- եզրափակեց նա։










