Սաուդյան Արաբիայի քաղաքացիներին կոչ են արել խուսափել ուղտերի հետ շփումից MERS վիրուսի պատճառով

00:14 • 12.05.14

Սաուդյան Արաբիայի գյուղատնտեսության նախարարությունը պաշտոնապես երկրի բնակիչներին կոչ է արել չշփվել ուղտերի հետ՝ առանց խիստ անհրաժեշտության` կապված MERS վիրուսի տարածման հետ:


Ինչպես հայտնում է РИА Новости-ն` Reuters-ին հղումով, նախարարությունը ուղտերի հետ շփվող քաղաքացիներին կոչ է արել անվտանգության նկատառումներով լավ լվանալ ձեռքերը և պաշտպանական սարքավորումներ կիրառել:


«Խորհուրդ է տրվում ձեռնոց հագնել, հատկապես՝  նորածին, հիվանդ կամ սատկած կենդանիների հետ աշխատելիս», -ասվում է նախարարության հայտարարության մեջ: Ինչպես նշում է աղբյուրը` այս կերպ պաշտոնյաները հաստատել են այն ենթադրությունը, որ ուղտերը կարող են վիրուսի կրողներ լինել:


MERS նոր տեսակի վտանգավոր վիրուսը հայտնաբերվել է 2012-ի սեպտեմբերին՝ Սաուդյան Արաբիայում: Այն ժամանակվանից ի վեր վիրուսը հայտնաբերվել է 480 մարդու մոտ, որոնց 28 տոկոսը մահացել է: Ներկայում վարակման դեպքեր գրանցվել են նաև Գերմանիայում, Ֆրանսիայում, Հորդանանում, Քաթարում և Մեծ Բրիտանիայում: