Սիրիայում հայեր են զոհվել. մոտ 10 օր ջրազրկված Հալեպում իրավիճակը տագնապալի է

09:40 • 12.05.14

Հալեպի հայաբնակ շրջաններում երեկ դարձյալ ինքնաշեն հրթիռներ են պայթել։ Նոր գյուղ հայաբնակ թաղամասում գազի բալոնով պատրաստված հրթիռի պայթյունից զոհվել է ազգությամբ հայ Հակոբ Գրդանյանը։

 

Հրթիռի պայթյունի հետևանքով նաև վիրավորներ են գրանցվել։ Ինչպես տեղեկացնում է «Բերիո լուրերի» ֆեյսբուքյան էջը՝ միջադեպի հետևանքով գրանցվել է նաև նյութական լուրջ վնաս՝ ավերվել են բնակարաններ, վնասվել ավտոմեքենաներ։

 

Հայ է զոհվել նաև Քեսաբի շրջակայքում ընթացող մարտերի ընթացքում։ Քեսաբի Չալմայի շրջանում սիրիական բանակի զինծառայողներից բացի զոհվել է նաև տեղաբնակ հայերից Վարդան Անդրյանը, իսկ վիրավորների թվում է Սարո Պապուճյանը։

 

Հալեպում մեկ շաբաթից ավելի է ջրամատակարարում չի իրականացվում։ Tert.am-ի Հալեպի աղբյուրները պատմում են, որ ջրի բացակայության, կեղտոտ ջուր օգտագործելու հետևանքով արդեն հիվանդությունների բազմաթիվ դեպքեր են գրանցվել։

 

Թեև հայկական դպրոցների, եկեղեցիների, մզկիթների բակերում փորված հորերից հնարավոր է լինում ջուր հանել, սակայն այն խմելու համար պիտանի չէ և օգտագործվում է բացառապես կենցաղային նպատակներով։
 

Խմելու ջուր խանութներում բավական թանկ գնով է վաճառվում, և ամիսներ շարունակ առանց աշխատանքի ու եկամուտի մնացած մարդկանց համար խմելու ջուր գնելը թանկ հաճույք է դարձել։

Հալեպում ջրի բացակայության համար տարբեր պատճառներ են բերվում, սակայն ամենահավանականն այն է, որ «Ալ Կաիդայի» հետ կապերով հայտնի «Ալ Նուսրայի ճակատ» ահաբեկչական խմբավորումը գրավել է ջրամատակարարման կենտրոնն ու փակել է այն՝  մի քանի միլիոն մարդու թողնելով առանց ջրի։