Բոլորը պետք է աշխատեն հավասար պայմաններում. վարչապետը՝ իր խնամու՝ Գագիկ Ծառուկյանի մասին

20:31 • 15.05.14

Հայաստանում բոլորը պետք է աշխատեն հավասար պայմաններում, այդ թվում նաև՝ Գագիկ Ծառուկյանը: Այս մասին լրագրողների հարցին պատասխանելով՝ ասաց Հովիկ Աբրահամյանը՝ ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից առաջ:

 

«Բոլորը պետք է աշխատեն հավասար պայմաններում. սա է եղել մեր առաջարկած խաղի կանոնը: Իմ կարծիքով՝ բոլորը կաշխատեն այդպես, եթե չաշխատեն, ուրեմն՝ գնդակն իրենց դաշտում է, դա կլինի այլ օպերայից»,-ասաց Հովիկ Աբրահամյանը՝ ի պատասխան հարցի, թե ինչպես է պատկերացնում, որ իր խնամին՝ Գագիկ Ծառուկյանը, ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը պետք է աշխատեն հավասար պայմաններում:

 

Հովիկ Աբրահամյանը, պատասխանելով հաջորդ հարցին, թե այդ «խաղի կանոններ» բառակապակցությունն ինչ իրավական ձևակերպում ունի, ասաց. «Ամեն ինչ օրենքով է»:

 

Անդրադառնալով հարցին՝ Հայաստանի համար պետք է առանձնահատուկ մեթոդ մշակվի՝ ԵՄ-ի հետ ասոցացման համար, ՀՀ վարչապետը մեջբերեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը՝ «մենք կողմնակից ենք և՛ Եվրամիության, և՛ Մաքսային միության հետ աշխատելուն»:


«Ջանք չենք խնայելու՝ զարգացնելու մեր հարաբերությունները Եվրամության հետ, դա մենք միշտ հնչեցրել ենք»,-ասաց նա: