Մարկ Սաղաթելյանի կինը ողջունում է Մարկին հիշելու՝ իր ընկերների քայլը, բայց գտնում է, որ բարեգործության կարիք չկա
Tert.am-ի հետ զրույցում շոումեն Արմեն Պետրոսյանն ասել էր, թե հունիսի 18-ին Գյումրիում բարեգործական համերգ է լինելու, որը նվիրվելու է Մարկ Սաղաթելյանի հիշատակին և համերգի ողջ հասույթը տրամադրվելու է նրա գերեզմանի կառուցմանը:
Մարկ Սաղաթելյանի կինը՝ Նունե Սաղաթելյանը, մեզ հետ զրույցում ասաց, որ նոր է տեղեկացել կազմակերպվելիք համերգի մասին, ողջունում է Մարկին հիշելու՝ նրա ընկերների և կազմակերպիչների քայլը: Ինչ վերաբերում է նրան, որ համերգից ստացված հասույթը տրամադրվելու է գերեզմանի կառուցմանը, ապա Նունե Սաղաթելյանն ասաց, թե գերեզմանի կառուցման աշխատանքները կատարվում են, Մարկի մահվան տարելիցին այն պատրաստ է լինելու, հետևաբար՝ դրա անհրաժեշտությունը չկա:
«Քանի որ գերեզմանի կառուցման աշխատանքները մոտենում են ավարտին, և´ Մարկի ընտանիքը, և´ շատ մտերիմ ընկերներ զբաղվում են դրանով, գտնում եմ, որ դրա անհրաժեշտությունը չկա, ինչպես նաև՝ կարիք չկա նման ակցիայի»,-ասաց Նունե Սաղաթելյանը՝ շարունակելով. «Քանի որ արդեն նշված է, որ համերգը կրում է բարեգործական բնույթ, հետևաբար՝ Մարկի ընտանիքը և ընկերները նպատակահարմար են գտնում, որ հասույթը փոխանցվի սուր լեյկոզով հիվանդ երեխաներին, եթե, իհարկե, կազմակերպիչները դեմ չեն»:
Նունե Սաղաթելյանն ասաց նաև, որ ինչպես ինքը, այնպես էլ՝ Մարկի ընկերները պատրաստ են մասնակցել այդ բարեգործությանը:










