«Սիրիայի ընկերները» կոչ են արել միջազգային հանրությանը՝ չճանաչել Սիրիայում անցկացվելիք ընտրությունները
«Սիրիայի ընկերներ» խմբի երկրների ԱԳ նախարարները միջազգային հանրությանը կոչ են արել չճանաչել հունիսի 3-ին նշանակված նախագահական ընտրությունները Սիրիայում և պայմանավորվել են ուժեղացնել աջակցությունը չափավոր ընդդիմությանը: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
«Մենք՝ «Սիրիայի ընկերներ» խմբի 11 երկրի ներկայացուցիչներս, չենք ընդունում Բաշար ալ-Ասադի ռեժիմի միաձայն ընդունված ծրագիրը հունիսի 3-ին անօրինական նախագահական ընտրություններ անցկացնելու մասին: Այդ ընտրությունները անարգանք են հակամարտության ժամանակ զոհված անմեղ մարդկանց նկատմամբ, դրանք հակասում են ժնևյան կոմյունիկեին և հանդիսանում են ժողովրդավարության նմանակում: Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ չճանաչել անօրինական ընտրությունները, ինչպես արդեն վարվել են Արաբական երկրների լիգան, ՄԱԿ-ը, ԱՄՆ-ն, Թուրքիան և ԵՄ-ն», - ասվում է Լոնդոնում «Սիրիայի ընկերների» հանդիպման ավարտին ընդունված կոմյունիկեում:
Հինգշաբթի Լոնդոնում կայացել է «Սիրիայի ընկերներ» խմբի 11 անդամ երկրի (Միացյալ Արաբական Էմիրություններ, Թուրքիա, Սաուդյան Արաբիա, Քաթար, Հորդանան, Իտալիա, Գերմանիա, Ֆրանսիա, Էգիպտոս, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա) ԱԳ նախարարների հանդիպումը: Նրանք քննարկել են Սիրիայի ընդդիմությանն աջակցելու միջոցառումներ ձեռնարկելու, աճող հումանիտար ճգնաժամի հաղթահարման և երկրում քաղաքական գործընթացի վերականգնման հարցերը:










