Հայաստանը և ԵՄ կշարունակեն խորացնել համագործակցությունը. Հովիկ Աբրահամյան

17:43 • 16.05.14

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Տրայան Հրիսթեային, ում հետ հանդիպմանը վարչապետն ընդգծել է, որ նոր ձևավորված կառավարությունը շարունակելու է ակտիվ համագործակցությունը ԵՄ-ի հետ և գործնական քայլեր իրականացնել այն խորացնելու ուղղությամբ, տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը:


Տրայան Հրիսթեան շնորհավորել է Հովիկ Աբրահամյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ և բարձր գնահատել ԱԺ նախագահի պաշտոնում ծավալված կառուցողական համագործակցությունը: Դա, ըստ ԵՄ դեսպանի, լավ հիմք է հետագա համատեղ արդյունավետ աշխատանքի և առաջընթացի համար:


Տրայան Հրիսթեան վերահաստատել է ԵՄ-ի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցությունը մեր երկրի տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին և ավելի բարձր մակարդակի հասցնել երկկողմ գործակցությունը:


Հանդիպման ընթացքում Հովիկ Աբրահամյանը և Տրայան Հրիսթեան քննարկել են Հայաստան–Եվրոպական միություն հարաբերությունների հետագա խորացման հեռանկարները: Երկուստեք ընդգծվել է, որ փոխգործակցության զարգացումը պետք է բխի 2013 թ. նոյեմբերին Վիլնյուսի գագաթնա¬ժողովի շրջանակում ընդունված Հայաստան-ԵՄ համատեղ հայտարարությունից:


Այն վերահաստատում է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում ակտիվ համագործակ¬ցություն շարունակելու վերաբերյալ կողմերի հանձնա¬ռությունը և ԵՄ-Հայաստան քաղաքականության գործողությունների ծրագրի արդիա¬կանացման անհրաժեշտությունը: