Ամստերդամում տեղի է ունեցել «Հայկական կամրջի» հուշատախտակի բացումը

18:21 • 16.05.14

Ամստերդամի «Սուրբ հոգի» հայկական եկեղեցու հարևանությամբ տեղի է ունեցել դեպի եկեղեցին բերող կամրջի անվանատախտակի բացման արարողությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Ասենի «Արմենիա» միության նախագահ Նիկոլայ Ռոմաշչուկի ջանքերի շնորհիվ Ամստերդամի «Սուրբ հոգի» հայկական եկեղեցու հարևանությամբ գտնվող թիվ 293 կամուրջն Ամստերդամի քաղաքապետարանի որոշմամբ վերանվանվել է «Հայկական կամրջի»:

Հայկական պատմական ներկայությունը հոլանդական հողում հավաստող արարողությունը Տերունական աղոթքով բացել է Տեր Տարոն քահանա Թադևոսյանը, որից հետո Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը և Ամստերդամի քաղաքապետարանի ներկայացուցիչ Ռոբ Կատեն բացել են վերանվանված կամրջի անվանատախտակը:

ՀՀ դեսպանը, շնորհակալություն հայտնելով Ամստերդամի քաղաքապետարանին` հայ համայնքի ցանկությանն ընդառաջելու և կամուրջն անվանափոխելու համար, պատվոգրեր և հուշանվերներ է հանձնել Ամստերդամի քաղաքապետարանի ներկայացուցիչներին: