Հայաստանում ՁԻԱՀ-ի վարակման 75%-ը պայմանավորված է միգրացիոն գործոնով

12:03 • 16.05.14

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի համաճարակաբանական հսկման բաժնի վարիչ Արշակ Պապոյանն այսօր կայացած ասուլիսին հայտարարեց, որ Հայաստանում ՁԻԱՀ/ՄԻԱՎ-ի վարակման 75%-ը պայմանավորված է միգրացիոն գործընթացներով:

Նրա փոխանցմամբ՝ նախորդ տարի 1730 ՄԻԱՎ վարակի դեպք է արձանագրվել, այս տարվա չորս ամիսների ընթացքում արձանագրվել է 111 դեպք: Չորս տարվա ընթացքում արձանագրվել է 11 մահվան դեպք, իսկ սկսած 1988-89 թվականներից երկրում արձանագրվել է 351 մահվան դեպք:

«Վերջին 10 տարիների ընթացքում էապես փոխվել են փոխանցման ճանապարհները, և ներկայումս հիմնական փոխանցման ուղին հետերոսեքսուալ ճանապարհն է, մինչդեռ մինչ այդ ներարկիչների և մնացած միջոցների ճանապարհներով էին ավելի շատ վարակվում»,-ասաց նա և ավելացրեց, որ բացարձակ թվով ավելի շատ դեպքեր են արձանագրվել Շիրակի մարզում, Լոռիում, հետո արդեն՝ Արարատում և Արմավիրում:

Կենտրոնի կանխարգելման բաժնի վարիչ Ժանետա Պետրոսյանն էլ նշեց, որ խնդիրը հասարակության լայն շրջանների տեղեկացված չլինելն է փոխանցման ուղիների մասին: «Շատ կարևոր են հանրային միջոցառումները, բուկլետները ՁԻԱՀ-ի կանխարգելման մասին, քանի որ մինչև ախտանշանները հետազոտություն անցնելու նախաձեռնություն չկա»,-ասաց նա: