Ձեր գործը կրթությունն է, ոչ թե ՀՀԿ-ի շահերը խորհրդարանում, Facebook-ում արտահայտելը. Արամ Մանուկյանը՝ Աշոտյանին

14:05 • 16.05.14

«Կրթության մասին» և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը մինչ հարցին անդրադառնալը հարցրեց, թե ինչ իրավունքով պետք է կրթության նախարարը ՀՀԿ-ական լինի։

«Ձեր գործը կրթությունն է, ոչ թե ՀՀԿ-ի շահերն ու տեսակետները խորհրդարանում, Ֆեյսբուքում արտահայտելը: Դրանից կրթությունը տուժում է: Իսկ ես մտահոգ եմ կրթության համար, ոչ թե ՀՀԿ-ի»,- ասաց նա։

«Չեմ կարող դրան չպատասխանել, եթե չպատասխանեմ այստեղ, Ֆեյսբուքում կգրեմ»,-տեղից պատասխանեց Արմեն Աշոտյանը և նշեց, թե երբ գալիս է ԱԺ հարց ներկայացնելու, գալիս է որպես կրթության նախարար:

«Այդ դուք եք ինձ հիշեցնում, որ ես ՀՀԿ-ական եմ, դուք եք հանրապետականացնում իմ ելույթները, գործունեությունը, դուք եք ամեն ինչ անում, որ ինձ կրթության խնդիրներից տեղափոխեք քաղաքական դաշտ: Երևի կրթության խնդիրներն այնքան գրավիչ չեն, որքան քաղաքական խնդիրները, բայց մի մեղադրեք, որ ես եմ դա անում: Ես գալիս եմ այստեղ զտարյուն կրթական նախաձեռնություններով, ոչ մի օրենքի տակ չկա քաղաքականություն, դուք եք ինձ դրդում հանդես գալ քաղաքական տարբեր մեկնաբանություններով»,- հավաստիացրեց Արմեն Աշոտյանը:

Ինչ վերաբերվում է Facebook-ում իր ակտիվությանը, ապա նախարարը նշեց, որ ժամը 6-ից հետո ինքն իրավունք ունի զբաղվել նրանով, ինչով ցանկանում է. «Թե դրանից հետո ես ի՞նչ կանեմ, շաբաթ, կիրակի որպես կուսակցական, որպես քաղաքացի ես ինչ կանեմ, դա իմ անձնական գործն է, մի սահմանափակեք այն ըմբոշխնելու իմ ազատությունը»:

Արամ Մանուկյանն էլ հակադարձեց, թե Աշոտյանն իրեն բացարձակ չի կարող խանգարել, կարող է խանգարել կրթության համակարգին և ավելացրեց, թե կառավարության մնացած բոլոր նախարարներն իրար հետ գումարած այդքան ՀՀԿ-ական չեն ներկայանում, որքան Արմեն Աշոտյանը։