ԱՄՆ-ում 34-ամյա կինն իրեն 15-ամյա աշակերտուհու տեղ է դրել և գնացել դպրոց
Ամերիկյան Տեխաս նահանգի Լոնգվյու քաղաքի 34-ամյա բնակչուհի Չերիթի Ջոնսոնը մի քանի ամիս դպրոց է գնացել՝ ձևանալով 15-ամյա դեռահաս, տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը։
Անցյալ տարվա հոկտեմբերին Ջոնսոնը տեղի բնակչուհի Տամիկա Լինքոլնի ուղեկցությամբ եկել է քաղաքային դպրոցներից մեկը և ներկայացել է որպես Չերիթի Սթիվենս։
Նա նշել է, թե ծնվել է 1997թ.-ին։ Ջոնսոնն ասել է, որ միշտ սովորել է տանը, և այդ պատճառով չի կարող ներկայացնել նախորդ տարիների իր գնահատականները։
Դպրոցի աշխատակազմի մոտ աղջիկը ոչ մի կասկած չի հարուցել։
Ջոնսոնը երկար ժամանակ բնակվել է Լինքոլնի մոտ։ Կինը հավատացել է «աղջնակի» պատմությանը, թե նա որբ է, որի հետ նախկինում վատ են վերաբերվել ծնողները։ «Ես նրան խղճացի և պահեցի ինձ մոտ։ Ես հյուսում էի նրա մազերը, հագուստ գնում, անգամ նրա ծնողական ժողովին եմ գնացել»,-պատմել է Լինքոլնը։
Սակայն շուտով կինը կասկածել է, թե Ջոնսոնը 15 տարեկան է, և որոշել է ոստիկանություն կանչել։ Իրավապահներին Ջոնսոնը ներկայացել է հորինած անունով, սակայն նրան ճանաչել են։
Պարզվել է, որ կինը նախկինում խնդիրներ է ունեցել օրենքի հետ, և նրա նկարն առկա է ոստիկանական տվյալների բազայում։ Ջոնսոնը ձերբակալվել է՝ կեղծ տեղեկություն տրամադրելու համար։ Թե ինչ պատիժ է սպառնում նրան, հայտնի չէ։
Հայտնի չեն նաև կնոջ այդ արարքի դրդապատճառները։։ «Նա իրեն իրոք 15-16 տարեկան երեխայի պես էր պահում։ Ուշադիր լսում էր դասերը, անում տնային աշխատանքները»,-ասել է ուսուցիչներից մեկը։










