Ամերիկացիների կեսը ցանկանում է նախագահի պաշտոնում տեսնել Հիլարի Քլինթոնին

11:31 • 16.05.14

Reuters լրատվական գործակալության և Ipsos կազմակերպության համատեղ անցկացրած սոցհարցման արդյունքները վկայում են այն մասին, որ ամերիկացիների կեսից ավելին դրական է վերաբերվում Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում երկրի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին տեսնելուն։

 

Ինչպես նշում է The Jerusalem Post-ը, առցանց տարբերակով հարցված ամերիկացիների 57%-ն ասել է, որ Քլինթոնի օգտին է քվեարկելու՝ կարծիք հայտնելով, որ հենց նա է հաղթելու 2016թ. կայանալիք նախագահական ընտրություններում։


Մինչդեռ 43%-ը բացասական է վերաբերվում Քլինթոնի նախագահ դառնալուն՝ հիմնականում որպես պատճառաբանություն բերելով 2012թ. Բենգազիում ԱՄՆ-ի դեսպանատան վրա իրականացված հարձակումն ու Լիբիայում ԱՄՆ-ի դեսպանի սպանությունը։


Աղբյուրը հավելում է, որ թեև նախկին պետքարտուղարը դեռևս պաշտոնապես չի հայտարարել, որ մասնակցելու է առաջիկա նախագահական ընտրություններին, այնուհանդերձ, շատերի կարծիքով, հենց նա է լինելու ԱՄՆ-ի հաջորդ ղեկավարը։