8-ամյա ամերիկուհին գիտակցությունը կորցրած մորը հիվանդանոց է տարել նրա իսկ մեքենայով

10:07 • 16.05.14

ԱՄՆ-ի Կանզաս նահանգում 8-ամյա աղջիկը հերոսուհի է դարձել այն բանից հետո, երբ ստանձնել է մեքենայի ղեկը և փորձել մորը հիվանդանոց հասցնել, հայտնում է Fox News-ը:

 

Ըստ աղբյուրի՝ աղջկա՝ Էբի Փորթերի մայրը կորցրել է գիտակցությունը, սակայն աղջիկն իրեն չի կորցրել և վարել է մոր արտաճանապարհային մեքենան: Դա տեղի է ունեցել չորեքշաբթի, երբ մայրը երեխային դպրոց տանելիս է եղել:

 

Մինչ այդ երկրորդ դասարանցի աշակերտուհին միայն իրենց տան տրակտորը և խոտհնձիչը վարելու փորձեր էր արել:

 

Երբ ոստիկանները տեսել են անհարթ ընթացող մեքենան, կարծել են, թե հարբած վարորդի հետ գործ ունեն: Մեքենան կանգնեցնելու համար զուգահեռ ընթացող ոստիկանը վախեցած երեխային համոզել է հարվածել իր մեքենային։

 

Ոստիկանները պատմել են, որ աղջիկը չի լացել, իրեն շատ խիզախ է պահել:
Գալենա քաղաքի բնակիչները որոշել են Էբիին իր խիզախությունը քաջալերող տողերով վահանակ նվիրել: