ՀՀԿ-ն Գորիսում կսատարի Վաչագան Ադունցին. ՀՀԿ ԳՄ անդամ
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը որոշում է կայացրել Սյունիքի մարզի Գորիս քաղաքում քաղաքապետի ընտրություններին սատարել Վաչագան Ադունցին, այս մասին Tert.am-ին փոխանցեց կուսակցության կազմակերպչական հանձնաժողովի նախագահ և ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Ռուբիկ Թադևոսյանը:
«Իհարկե, ինչպե՞ս կարող է կուսակցությունն առաջադրել մի թեկնածուի, սատարի ուրիշ թեկնածուի»,- ասաց նա՝ ընդգծելով, որ տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններում որոշումը տրված է կուսակցության տարածքային խորհրդին:
Հարցին, թե ինչպես է բացատրում հանգամանքը, որ կուսակցության խորհրդի անդամը հայտարարում է, որ իրենք Վաչագան Ադունցին չեն սատարում, այլ անկուսակցական թեկնածու Տիգրան Կարապետյանին, Ռուբիկ Թադևոսյանը պատասխանեց. «Գորիսում մենք ունենք շրջանային կազմակերպություն, իսկ Սյունիքում ունենք տարածքային կազմակերպություն, առաջադրումը եղել է Սյունիքի տարածքային կազմակերպության կողմից: Շրջանային խորհուրդը կարող է չսատարել, կարող է այլ թեկնածուի ընտրել, նայած, թե ում ղեկավարն է ասում, թե ում է սատարում, դա մեր ներքին խնդիրներն են»:
Նշենք, որ Սյունիքում ՀՀԿ-ի տարածքային կառույցի ղեկավար, Գորիսի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ավելի վաղ Tert.am-ին ասել էր, որ ինքը սատարում է Վաչագան Ադունցին:
ՀՀԿ անդամ է նաև թեկնածուներից Սուրիկ Խաչատրյանի տան մոտ սպանված Ավետիք և վիրավորված Արտակ Բուդաղյանների եղբայր Արա Բուդաղյանը, ով ինքնաառաջադրվել է: Առաջադրված մյուս երկու թեկնածուներն են «Գորիսի Գամմա» ԲԲԸ գործադիր տնօրեն , անկուսակցական Տիգրան Կարապետյանը և Գորիս համայնքի ավագանու անդամ, «Շանի» ՍՊԸ տնօրեն Հրայր Յոլյանը, որոնք երկուսն էլ ինքնաառաջադրվել են:
Նշենք նաև, որ քաղաքապետի ընտրությունները տեղի կունենան հունիսի 8-ին, քարոզարշավը կմեկնարկի մայիսի 21-ից:










