Ուկրաինայում բախումների սկզբից ի վեր սպանվել է մոտ 250 մարդ. ՄԱԿ

16:52 • 16.05.14

Կիևի Անկախության մայդանում 2013 թվականի նոյեմբերին բողոքի ցույցերի սկսվելուց մինչև 2014 թվականի մայիսի 5-ն Ուկրաինայում սպանվել է մոտ 250 մարդ: Այդ մասին հայտնել է մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվան Շիմոնովիչը մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի մոնիթորինգային հանձնաժողովի զեկույցի հրապարակման ժամանակ, գրում է zn.ua-ն:

 

«Ուկրաինայում ճգնաժամի սկսվելուց ի վեր, այդ թվում՝ Մայդանում (2013 թվականի նոյեմբերից մինչև 2014 թվականի փետրվարը) բողոքի ցույցերի, Ղրիմում իրավիճակի, զինված խմբերի ներկայիս անօրինական գործողությունների և իրավական կարգի ապահովման ուղղությամբ իրավապահ մարմինների համապատասխան ակցիաների, ինչպես նաև մայիսի 2-ին Օդեսայում տեղի ունեցած բռնության ընթացքում, ՄԱԿ-ի մոնիթորինգային հանձնաժողովը տեղեկություն է ստացել, որ սպանվել է մոտ 250 մարդ: Նրանց թվում են բնակիչներ, պետական ուժային կառույցների աշխատակիցներ և անօրինական զինված խմբավորումների անդամներ»,- ասել է Շիմոնովիչը:

 

Բացի այդ, հանձնաժողովն արձանագրել է մարդու իրավունքների զանգվածային խախտումներ Ուկրաինայի արևելքում «խաղաղ ցուցարարների» կողմից։ «Զեկույցը նկարագրում է երկրի արևելքում և հարավում մարդու իրավունքների խախտման փաստեր: Մասնավորապես, մոնիթորինգային հանձնաժողովը տեղեկություն է ստացել անօրինական ձերբակալման 112 դեպքի մասին, որոնցից 49-ի ճակատագիրը մինչ այժմ անհայտ է»,- նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը։