Վանաձոր ՔԿՀ-ի կալանավորը սպառնում է ինքնասպան լինել, իսլամ ընդունել, եթե չտեղափոխվի Երևան
Tert.am-ը «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արթուր Սմբատյանից նամակ է ստացել, ուր վերջինս հայտնում է, որ ՔԿՀ-ի աշխատակիցներն իրեն իր ընտանիքին մոտ գտնվող քրեակատարողական հիմնարկ չտեղափոխելով՝ դրդում են ինքնասպան լինել, իսկ եթե այսպես շարունակվի, ապա կրոնափոխ կլինի՝ կդառնա մահմեդական:
«Քանի որ ես ուզում եմ հրաժարվել ներկայիս կրոնից և ընդունել մուսուլմանական կրոնը»,- գրում է դատապարտյալը:
Նա 3 անգամ կախվելու փորձ է արել, որոնք կանխվել են ՔԿՀ աշխատակիցների կողմից, մեկ անգամ մեխել է ոտքերը, սակայն բուժհիմնարկում մեխերը հանել են, սակայն, ինչպես տեղեկացնում է, ներկայումս ոտքերից մեկը մինչև ծունկը թարախի մեջ է:
Բոլոր այս քայլերը Արթուր Սմբատյանն անում է մեկ պահանջով, որպեսզի ազատազրկումը կրի իր ընտանիքի բնակության վայրին մոտ որևէ այլ ՔԿՀ-ում, քանի որ դատապարտյալի ընտանիքը գտնվում է ծայրահեղ ծանր սոցիալական պայմանում, ինչի պատճառով չի կարողանում այցելել նրան:
«Նշեմ, որ իմ պահանջը անօրինական չէ, դա իրենք էլ՝ ՔԿՀ վարչության աշխատակիցներն էլ են ասում, որ տեղաբաշխումը կատարվում է հաշվի առնելով դատապարտյալի ընտանեկան վիճակը և հաշվի են առնում դատապարտյալի կամքը, քանի որ դա, իբր, մարդասիրական հիմունքներով են անում: Այս բոլորը սուտ են, դա միայն խոսքերով են ասում, և քանի որ ինձ բռնի ուժով են տեղափոխել «Վանաձոր» ՔԿՀ»,- գրում է Արթուր Սմբատյանը:
Նա այս մասին նամակներ է ուղարկել ՀՀ նախագահին, Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության պետին, արդարադատության նախարարին: «Այդքանից հետո էլ ինձ ոչ մի տեղ չեն տեղափոխում, ընդհակառակը՝ ՔԿՀ վարչությունն ասում է՝ «Մի՛ խանգարեք, ինչ ուզում է, թող անի»:
Դատապարտյալը նամակն ամփոփում է զգուշացումով, որ մինչև իրեն չտեղափոխեն ընտանիքին մոտ որևէ ՔԿՀ, կանգ չի առնելու՝ դիմելու է տարբեր ինքնավնասումների և անգամ՝ ինքնասպանության:
Նշենք, որ Արթուր Սմբատյանի նամակը Tert.am-ի խմբագրությունը ստացել է այսօր, սակայն այն գրված է եղել՝ մայիսի 7-ին:
Այս ընթացքում պարզվեց, որ Արթուրի վիճակը վատացել է, ջերմությունը բարձրացել է ու նրան տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, ուր ներկայումս բուժում է ստանում: Այս մասին Tert.am-ին հայտնեց դատապարտյալի կինը՝ Աննա Մանուկյանը:
«Ինքը հրաժարվել ա բժշկական օգնությունից, ուզում էր մեզ մոտիկ տեղ. հիմա արդեն բերեցին «Դատապարտյալների հիվանդանոց» ու դեռ չգիտենք, թե ուր են տեղափոխելու»,- ասաց դատապարտյալի կինը:
Tert.am-ի հեռ զրույցում Քրեակատարողական հիմնարկների վարչության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը, ի պատասխան հարցի, թե ինչ է լինելու Արթուր Սմբատյանի հետ, երբ նրա բուժումն ավարտվի, նա նորից Վանաձոր է տեղափոխվելու, թե՝ Երևան, ասաց. «Դատապարտյալների հիվանդանոցից հետո, որտեղ որ տեղաբաշխման հանձնաժողովը կնշանակի, այդտեղ էլ կգնա»:
Ի պատասխան հարցի էլ, թե ինչու էր նա տեղափոխվել Վանաձոր, Գոռ Ղլեչյանը հայտարարեց, որ դատապարտյալներին տեղաբաշխում են մի շարք հանգամանքներից ելնելով: Դրանք են՝ կատարված հանցագործության բնույթը, արարքը որքանով է վտանգավոր հասարակության համար, գործով տուժողները որտեղ են ապրում և այլն:










