Որակը միշտ չէ, որ արդյունք է տալիս. որքան շատ լինեն իշխանության դեմ պայքարողները, այնքան՝ լավ. Արմեն Մարտիրոսյան
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, Tert.am-ի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է, որ խորհրդարանական ոչ իշխանական ուժերի «քառյակն» այսուհետ դառնա «հնգյակ»՝ «Օրինաց երկիր» կուսակցության համալրմամբ, ասաց, որ որևէ խնդիր չի տեսնում, քանի որ ցանկացած պարագայում, որքան շատ լինեն իշխանության դեմ պայքարողները, այնքան՝ լավ:
-Պարո՛ն Մարտիրոսյան, «Օրինաց երկիր» կուսակցությունը՝ իշխող կոալիցիայից դուրս գալուց հետո հայտարարեց, թե գործելու է ընդդիմադիր դաշտում և չբացառեց, որ կհամագործակցի «քառյակի» հետ: Վերջերս էլ խորհրդարանում նրանք մասնակցեցին ոչ իշխանական չորս ուժերի նիստին: Կընդունե՞ք նրանց ձեր շարքերը:
-Կարծում եմ՝ ճիշտ կլինի, եթե այդ հարցին պատասխանեն «քառյակի» խորհրդարանական ներկայացուցիչները: Նրանք պետք է այդ հարցը քննարկեն, եթե անհրաժեշտություն լինի, նոր միայն կուսակցությունն իր դիրքորոշումը կհայտնի: Կարծում եմ նաև, որ այդ հայտը պետք է հստակ լինի, թե «Օրինաց երկիրն» ինչ նպատակով է ցանկանում համագործակցել, իրենք ինչպիսի օրակարգ են առաջարկում:
-Գուցե իրենք հայտը հստակ ներկայացնեն, բայց ձեզ համար ընդունելի՞ է, որ նոր ձևավորվող կառավարությունում իրենց պահանջած՝ վարչապետի պաշտոնը չստանալու պատճառով նեղացած և արդյունքում ընդդիմադիր դարձած կուսակցությունը միանա «քառյակին»:
-Ես այն քաղաքական գործիչներից եմ, որ փորձում եմ հնարավորինս քիչ գնահատական տալ այլ կուսակցությունների գործունեությանը: Կարող եմ գործընթացների մասին խոսել: Այս պարագայում իրենց գործունեության այս կամ այն դրվագը՝ իշխանություն մտնել և իշխանությունից դուրս գալ, դրանք առավելապես մեր քաղաքացիների գնահատականին են արժանի և ոչ թե՝ իմ: Դա դասական մոտեցում է. բոլոր այն կուսակցությունները, որոնք կառավարության մեջ չեն, համարվում են ընդդիմություն: Ամբողջ խնդիրը ես տեսնում եմ ընտրությունների մեջ, որովհետև դրանք Հայաստանում արդար չեն անցել, ուստիև քաղաքական ուժերի համամասնությունը խորհրդարանում պահված չէ: Ուժեր կան, որոնք ընտրակաշառքով և ընտրակեղծիքներով են խորհրդարանում հայտնվել: «Օրինաց երկրի» գործունեությունը լավագույնս կգնահատի հանրությունը: Ինչ վերաբերում է նեղանալուն և կոալիցիայից դուրս գալուն, ես կարծում եմ, որ դա պատճառներից մեկը միայն կարող լինել: Չեմ կարծում, որ վարչապետի պաշտոնը չստանալու պատճառով հեռացան: Պարզ էր, որ ճնշող մեծամասնությունը լրիվ իրավունքն ուներ «Հանրապետական» կուսակցությունից թեկնածու առաջադրելու այդ պաշտոնում, նույնիսկ այն պարագայում, երբ «Օրինաց երկիրը» հայտարարում է, թե 2013 թվականի նախագահական ընտրություններում աջակցել է Սերժ Սարգսյանին: Պարզ է, որ այդ աջակցությունն այն աջակցությունը չէր կարող լինել, որը հավասարազոր լիներ վարչապետի պաշտոնին: Այս պահին, եթե իրենք ցանկանում են համագործակցել խորհրդարանական ոչ իշխանական ուժերի հետ, ես որևէ խնդիր չեմ տեսնում: Ցանկացած պարագայում, որքան շատ լինեն իշխանության դեմ պայքարողները, այնքան՝ լավ:
-Քանա՞կ, թե՞ որակ:
-Որակը միշտ չէ, որ արդյունք է տալիս: Երբ մենք տեսնում ենք, որ այսպիսի իրավիճակ է, մեզ ոչ միայն որակ է պետք, այլ նաև՝ քանակ, որովհետև քվեարկության ժամանակ որևէ մեկը չի ասում, չէ՞, թե քվեարկողն ինչպիսի որակի տեր է:
-Քվեարկությունների ժամանակ քանակ ապահովելու խնդիրն եք դնում, իսկ բողոքի ակցիաների, հավաքների դեպքում, եթե «հնգյակ» ձևաչափին հանրությունն այլևս հավատ չընծայի, ավելի չի՞ տուժի ձեր գործունեությունը:
-Եթե չորս քաղաքական ուժերը միասնական հանրահավաքային գործունեություն ծավալեն արմատական իշխանափոխություն իրականացնելու համար, երբ այդ օրը գա, և «Օրինաց երկիրը» ցանկանա միանալ այդ պայքարին ու դրանով ստվերի, մենք այդ ժամանակ այդ խնդիրը կքննարկենք: Բայց չեմ կարծում, որ չորս քաղաքական ուժերը հանրահավաքային, հրապարակային, իրական պայքար սկսեն տանել և ՕԵԿ-ի՝ այդ պայքարին միանալու դեպքում հասարակության մոտ հնարավոր բացասական կարծիք լինել առաջանա: Հակառակը, ես կարծում եմ՝ որքան պայքարողները շատ, այնքան՝ լավ: Մեր խնդիրն այն է, որ առաջին հերթին կարողանանք այդ միասնական ճակատը ձևավորել և այդ ճակատով կարողանանք բովանդակային փոփոխություններ անել երկրում: Իմիտացիա, թատրոն շատ-շատ ենք արել, և դա երկիրը բերել է այն վիճակին՝ որում հայտնվել ենք:










