Ավստրալիան Ուկրաինայում ԵԱՀԿ առաքելության համար 300.000 դոլար է հատկացրել

13:36 • 17.05.14

Ավստրալիայի կառավարությունը 300.000 դոլար է հատկացրել Ուկրաինայում ԵԱՀԿ-ի հատուկ մոնիթորինգային առաքելության ապահովման համար՝ երկրում լարվածության նվազեցման և կայունության ու անվտանգության ամրապնդման նպատակով, հայտնում է comments.ua-ն՝ հղում անելով Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությանը։

 

«Համաձայն պաշտոնական հաղորդագրության՝ Ավստրալիայի ներդրումը նախատեսում է լրացուցիչ միջոցների ստեղծում և Ուկրաինայի արևելյան շրջանների հանդեպ առավել մեծ ուշադրություն։ Ավստրալիայի կառավարությունը հաստատել է նաև իր խորն անհանգստությունն Ուկրաինայի արևելքում իրադարձությունների սրման առնչությամբ, որոնք մարդկանց ողբերգական մահվան պատճառ են դարձել, և կոչ է արել ռուսական կառավարությանը կատարել իր բոլոր միջազգային պարտավորությունները»,- ասվում է հաղորդագրությունում։

 

Բացի այդ, հաղորդագրությունում նշվում է, որ Ավստրալիան իր միասնականությունն է հայտնել ուկրաինացի ժողովրդի հետ և կրկին կոչ արել Ռուսաստանին փոխել ուղղությունը։