Այնքան խնդիրներ ունենք, որ պայքարելու ժամանակ էլ չկա. սահմանապահ ուսուցչուհին դեմ է պարտադիրին (տեսանյութ)

22:24 • 17.05.14

Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղի միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության երիտասարդ ուսուցչուհի Մերի Ավալյանն այսօր իր ապագան մշուշապատ է տեսնում, թոշակային տարիքի մասին էլ անգամ չի մտածում:


Ուսուցչուհին բողոքում է, որ իր առանց այն էլ՝ ցածր աշխատավարձից պարտադիր կուտակային կենսաթոշակային վճար են պահել:

«Մեր դպրոցում բոլոր երիտասարդ ուսուցիչներից էլ պահել են հինգ տոկոս: Կոնկրետ իմ աշխատավարձից 3000 դրամ են պահում, դա իմ աշխատավարձի համեմատ ահագին գումար է: Եթե մենք բարձր աշխատավարձ ստանանք, լավ է, թող պահեն»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա՝ նշելով, որ դա վատ օրենք չէ, բայց Հայաստանի համար չէ:

 


Իսկ հարցին, թե ինչ երաշխիքներ ունի երիտասարդ ուսուցչուհին, որ իր գումարները տարիներ հետո կենսաթոշակի տեսքով ետ կվերադարձվեն, Մերի Ավալյանը պատասխանեց. «Մեկ անգամ դեպք եղել է, որ մեր ավանդները չեն վերադարձվել. մեր ընտանիքի դեպքում բոլոր վեց երեխաների համար էլ ավանդներ ներդրվել են բանկում և չեն վերադարձվել: Եթե դա հաշվի առնենք, երաշխիքը շատ փոքր է, որ այդ գումարները կվերադարձվեն մեզ: Այդ առումով  վստահություն չկա, բազմաթիվ հարցեր կան, որոնց պատասխանները մենք չունենք»:

 


Իսկ հարցին՝ արդյո՞ք սահմանապահ ուսուցիչները, որոնք թշնամու կրակոցների տակ աշխատում են՝ մշտապես արտակարգ դրության մեջ, պատրաստ են պայքարել իրենց իրավունքների համար, մեր զրուցակիցը պատասխանեց. «Մենք էստեղ այնքան խնդիրներ ունենք, որ նույնիսկ՝ պայքարելու ժամանակ էլ չի լինում, հուսով եմ, որ, այնուամենայնիվ, Կառավարությունը ճիշտ որոշում կկայացնի: Առայժմ հույս ունենք»:

 

Մերին իր ապագան հայրենի գյուղի հետ կապում է միայն այն դեպքում, եթե գյուղի վիճակը բարելավվի: Սակայն եթե այսօր նրան առաջարկեն այլ երկրում ապրել, կգնա. «Իհարկե՝ կգնամ, ո՞վ է ասել, որ մենք միշտ վատ պայմաններում պետք է ապրենք, եթե հնարավոր լինի, շատ լավ կլինի, որ այդ պայմանները մեր երկրում լինեն, բայց եթե այդ պայմանները չկան, բնականաբար՝ եթե ինձ ընձեռվի հնարավորություն, ես կգնամ»: