Առողջապահության նախարարը խոստացել է օժանդակել փոքրիկ Կարինեի բուժմանը. անհրաժեշտության դեպքում նա կբուժվի արտերկրում

21:38 • 17.05.14

Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը խոստացել է օգնել սոցիալապես ծանր վիճակում գտնվող նախկին ոստիկան Մխիթար Ալումյանին՝ 12-ամյա աղջկա՝ Կարինե Ալումյանի բուժման հարցում, ով առողջության հետ կապված խնդիրներ ունի:

Ինչպես Tert.am-ին տեղեկացրեց աղջկա հայրը՝ Արմեն Մուրադյանի հրավերով այսօր եղել են նախարարությունում և զրուցել նախարարի հետ:

 


«Նախարարը լավ ընդունեց, ասացինք, թե երեխան ինչ հիվանդություն ունի, զանգեց ու հանձնարարական տվեց Արաբկիրի մանկական հիվանդանոցի տնօրենին, հետո Գենետիկայի կենտրոն զանգեց և հանձնարարեց, որ երեխայիս ամբողջությամբ հետազոտեն ու պարզեն, թե ինչ հիվանդություն ունի: Նա ասաց, որ պետք չի՝ երկրից գնանք, չհուսահատվենք, ասաց՝ մենք ձեր կողքին ենք, ու եթե հանկարծ Գենետիկայի կենտրոնում հետազոտեն, ու պարզենք, որ չենք կարող երեխային Հայաստանում բուժել, ապա բուժման կուղարկենք արտասահման»,-ասաց նա:

 


Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ հայտել էր Tert.am-ը՝ 12-ամյա Կարինե Ալումյանը լուրջ հոդային խնդիրներ ունի, ոտքերն ու ձեռքերը ուռչում են: Նրա մայրը՝ Կարինե Նասիբովան, տեղեկացրել էր, որ Հայաստանում չեն կարողանում հիվանդությունը հստակ ախտորոշել, իսկ սոցիալական ծանր պայմանների պատճառով չեն կարողանում համապատասխան բուժում ապահովել երեխայի համար:

 

Մխիթար Ալումյանը նշեց, որ նախարարը խոստացել է, որ երկուշաբթի նախարարության աշխատակիցներից կզանգեն ու կտեղեկացնեն, թե ուր պետք է գնան և ինչ անեն:


«Մի շարք համարներ տվեց՝ մամուլի քարտուղարի, աշխատակազմի ղեկավարի, օգնականի, ու ասաց, որ անհրաժեշտության դեպքում զանգեմ ու խնդրեմ միացնել իրեն: Ինքն ամեն հարց կկարգավորի: Վերջում էլ երեխուն մի ամբողջ տուփ կոնֆետ նվիրեց, տաքսու գումարն էլ իրենք տվեցին, ասացին, որ մենք ենք կանչել ձեզ այստեղ, մենք էլ ձեր գնալու գումարը կվճարենք»,-ասաց նա և նշեց, որ նախարարությունը պատրաստակամություն է հայտնել նաև վճարել երեխայի բուժման համար անհրաժետ ճանապարհատրանսպորտային վճարները:

 


Հիշեցնենք նաև, որ շուրջ երկու տարի առաջ Մխիթար Ալումյանը նախագահական նստավայրի դիմաց ինքնահրկիզման փորձ էր արել՝ սոցիալան ծանր պայմաններից դրդված: 5 անչափահաս երեխաների հայր և նախկին ոստիկան Մխիթար Ալումյանը պահանջում էր ոստիկանությունում արտաժամյա աշխատանքի դիմաց իր 2,5 մլն դրամը:

 

Նրան և՛ նախագահականում, և՛ ոստիկանությունում խոստացել էին լուծել հավելավճարների ու աշխատավարձի հարցը, որն այդպես էլ չի տրվել, սակայն վերջինիս աջակցել են աշխատանք գտնելու հարցում: Նրան նաև խոստացել էին աջակցել հիվանդ աղջկա բուժօգնության հարցում։

 


Ընտանիքի մայրը Tert.am-ին խնդրեց շնորհակալություն հայտնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ իրենց նամակներին արձագանքելու և առողջապահության նախարարին համապատասխան հանձնարարական տալու համար: