«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները մայիսի 21-ին նախագահականի դիմաց կրկին ցույցի դուրս կգան

11:58 • 17.05.14

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները մայիս 21-ին` ժամը 16:30-ին ցույց կանցկացնեն նախագահականի դիմաց՝ պահանջելով աշխատավարձերի վճարումներ։ Ցույցը նախաձեռնել է «Կամք » քաղաքացիական շարժումը։

Tert.am-ի հետ զրույցում քաղաքացիական շարժման հիմնադիր Արտաշես Ավետիսյանը նշեց, որ կոչ են նում բոլորին միանալ ««Նաիրիտ» գործարանի աշխատակիցների արդար պահանջին»:

Նա նշեց, որ իրենց պահանջներն են՝ կատարել գործնական քայլեր «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներին աշխատանքով ապահովելու խնդրում, ինչպես նաև ուշացված աշխատավարձերի վճարման հարցով իրականացնել որոշակի քայլեր:

«Մեզ պետք չեն իշխանությունների սուտ խոստումները, սուտ խոստումներով ընտանիք չես պահի և ոչ էլ երկիր, ապացուցեք գործով,-նշեց նա,-ասում են համբերությունը կյանք է կամ ոսկի, բայց երբ քո կյանքը արժեք չունի ներկայիս իշխանությունների համար, ապա պետք է պայքարես և ապացուցես, որ միասնություն է ուժ, իսկ անկոտրում կամքը` հաղթանակ»: