Թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք սկսել են ավելի վերաիմաստավորել և ուշադրություն դարձնել իրենց խնդիրներին. սեքսապաթոլոգ

13:09 • 17.05.14

Երևանի պետական բժշկական համալսարանի բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանը և ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսապաթոլոգ, սեքսապաթոլոգիայի ամբիոնի դասախոս Վրեժ Շահրամանյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով ընտանիքի հոգեբանական և սեռական առողջությանն,ասացին, թե ընտանիքի դերը հսկայական է երեխաների ապագայի հարցում:

«Հոգեբանության տեսանկյունից համակարգերը լինում են բաց և փակ: Ընտանիքը նույնպես համակարգ է, և որքան էլ թվում է, թե հայկական ընտանիքը մատչելի ու տեսանելի է, բայց հայկական ընտանիքը փակ համակարգ է»,-ասաց հոգեբան Խաչատուր Գասպարյանը։

«Ընտանիքի հոգեկան առողջության մեջ շատ կարևոր է ընտանիքի անցյալը: Եթե ընտանիքի անդամներից մեկը որևէ հոգեկան, առողջական խնդիր է ունենում, դա ազդում է ընտանիքի բոլոր անդամների՝ հատկապես երեխաների վրա»,–հավելեց նա։

Հոգեբանի խոսքով՝ մինչև 5 տարեկան ցանկացած երեխայի խնդիրը դիտարկվում է ընտանիքի խնդիրների համատեքստում: Նրա փոխանցմամբ՝ երեխան կարող է ընտանիքի խնդիրը կուտակել և հոգեկան կամ մարմնական ինչ-որ խնդրի կերպով արտացոլել:

Սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը նշեց, որ ժամանակակից ընտանիքը համեմատաբար ավելի պահանջկոտ է դարձել իր առողջության նկատմամբ: «Թեև դանդաղ ենք առաջ գնում, բայց նկատվում է այն միտումը, որ թե՛ առանձին տղամարդիկ, թե՛ կանայք սկսել են ավելի վերաիմաստավորել և ուշադրություն դարձնել իրենց խնդիրներին: Դա նկատվում է էլեկտրոնային նամակների և զանգերի միջոցով»:

Վրեժ Շահրահամյանն ասաց նաև, որ ընտանիքի դերը հսկայական է այն առումով, թե ինչպիսի ընտանիքում է մեծացել երեխան: «Հետազոտությունները ցույց են տալիս, հոգեբանական և սեռական որոշ խնդիրներ ունեցող երեխաների մեծ մասն այնպիսի երեխաներն են, որոնք միայն մոր դաստիարակությամբ են մեծանում: Նման երեխաները կարող են դառնալ կախյալ, կոմպլեքսավորված: Երեխան իր զարգացման ընթացքում պետք է տեսնի թե՛ մոր, թե՛ հոր կերպարը. խոսքը հատկապես տղա երեխաների մասին է»,-ասաց սեքսապաթոլոգը:

Վրեժ Շահրամանյանն ասաց, թե լինում ենք դեպքեր, որբ սեռադաստիարակության բացթողումների հետևանքով երեխաների մոտ առաջանում են խնդիրներ. երեխան լինում է բարդույթավորված և սկսում է խուսափել շփումից, դա լինում է նաև իր հետագա անձնական կյանքում: