ԼՂՀ ստատուսի, սահմանների առումով վերադարձն անցյալին անհնար է. Բակո Սահակյանն ասել է համանախագահներին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, որոնց հետ հանդիպմանը նա շեշտել է, որ Արցախի համար անկախությունն ու ազատությունը բացառիկ արժեքներ են և վերադարձ անցյալին` թե կարգավիճակի, թե սահմանների առումով, անհնարին է:
Ինչպես տեղեկացնում ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, անդրադառնալով հակամարտության կարգավորման գործընթացին` Բակո Սահակյանն ընդգծել է, որ պաշտոնական Ստեփանակերտը հավատարիմ է Մինսկի խմբի շրջանակներում դրա խաղաղ կարգավորմանը:
Անդրադարձ է կատարվել նաեւ սահմաններում տիրող իրավիճակին եւ տարածաշրջանային գործընթացներին:
Հանդիպման սկզբում Բակո Սահակյանը շնորհավորել է ֆրանսիացի նորանշանակ համանախագահ Պիեռ Անդրեին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` հույս հայտնելով, որ նա կշարունակի ակտիվ մասնակցություն ունենալ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում:
Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի նախկին համանախագահ Ժակ Ֆորին անաչառ և արդյունավետ աշխատանքի համար` ամենայն բարիք մաղթելով նրան:
Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, պաշտոնատար այլ անձինք:










