Ժամանակն է, որ Մինսկի խումբը բացատրի, թե ինչն է կարգավորման 6 կետերի հիմքը. կարծիքներ
Լուսանկարները՝ Karabakh-open.info–ի
Արցախի հասարակությունը ներկայանող երիտասարդների կողմից համանախագահների ճանապարհը փակելով ու բողոքի ակցիա անելով՝ կարևոր է, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ևս մեկ անգամ համոզվեն, որ Արցախի հասարակությանը չի կարելի կերակրել ինչ-որ խոստումերով կամ միսիջներով:
Tert.am-ի հետ զրույցում մեկնաբանելով Բերձորում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ավտոշարասյունը փակելու՝ մի խումբ արցախցի երիտասարդների քայլը (2010-ին, երբ հրապարակվեց Մուսկոկայի հայտարարությունը, որում առաջին անգամ գաղտնազերծեցին բանակցայի սեղանին դրված 6 դրույթները, եղել է նման քայլի մեկ նախադեպ) հայտարարեց ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը:
«Մեզ վրա նման փորձեր եղել են, հավանաբար, Ուորլիքի ելույթն այդ փորձարկումներից մեկն էր, մենք պետք է աշխարհին հասկացնենք, որ միշտ էլ զգոն ենք» ,- ասաց Դավիթ Իշխանյանը:
Հիշեցնենք, որ հրադադարի 20-ամյակի առիթով ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս, ֆրանսիացի և ամերիկացի համանախագահները, տարածելով հայտարարություն, անուղղակիորեն կրկնել էին ԱՄՆ համանախագահ Ուորլիքի այն միտքը, որ հրադադարի մասին համաձայնագիրը չի լուծում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և որ «Լեռնային Ղարաբաղի հարակից շրջանները շարունակում են գրավյալ մնալ»: Նաև հավաքվել և ի մի էին բերվել բանակցային սեղանին տարբեր փաստաթղթերի 6 կետեր, ըստ որոնց հակամարտության լուծումը պետք է ներառի տարրեր, որոնք նշված են համանախագահ երկրների նախագահների՝ 2009-2013թթ.-ի հայտարարությունների մեջ, և նախատեսում են Լեռնային Ղարաբաղի հարակից շրջանների վերադարձ, Լեռնային Ղարաբաղի համար միջանկյալ կարգավիճակ և ինքնիշխանության ու անվտանգության երաշխիքներ, միջանցք, որը կկապի Հայաստանը Լեռնային Ղարաբաղին, ԼՂ վերջնական կարգավիճակ, որը կորոշվի ապագայում՝ իրավական ուժ ունեցող ազատ կամարտահայտման շնորհիվ, բոլոր փախստականների վերադարձ, ինչպես նաև անվտանգության միջազգային երաշխիքներ՝ այդ թվում խաղաղապահ գործողություններ:
Քաղաքագետ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը Tert.am-ի հետ զրույցում հետևյալ համոզմունքը հայտնեց.«Եկել է այն փուլը, երբ համանախագահները մանրակրկիտ պետք է հանրությանը՝ և՛Հաստանի, և՛ Ադրբեջանի, և՛ Լեռնային Ղարաբաղի հասարակություններին, բացատրեն, թե ինչն է հանդիսանում հիմք՝ այդ 6 դրույթների համար»:
Սա, ըստ Անդրիաս Ղուկասյանի, շատ կարևոր գործոն է, որպեսզի, առհասարակ, այդ գործընթացը կարողանա որևէ արդյունավետ շարունակություն ունենալ:
Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Սերգեյ Ղազարյանը Tert.am–ի հետ զրույցում ևս կարևորեց այն, որ միջնորդները իմանան այն, թե ինչ կարծիք ունեն իր պետության քաղաքացիները։
«Որևէ կասկած չունեմ, որ իրեն ինչ-որ մեր երկրի քաղաքացիները ասել են, սաղ էլ ճիշտ են ասել, և ես վստահում եմ մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացու, իսկ թե դրանից հետո համանախագահը ինչ է ասել՝ ինձ այդքան չի հետաքրքրում: Ինձ համար կարևոր է, որ իրեն ինչ-որ ասել են, ամեն ինչն էլ ճիշտ են ասել»,-ասաց Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի անդամը:
Ի պատասխան հարցի, թե տարիներ շարունակ այդ կետերի շուրջ, որի մասին նախ խոսեց ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, ապա համանախագահները խոսվում էր տարիներ շարունակ և, հետևաբար, Ղարաբաղի հասարակության համար դա գաղտնի՞ք էր, թե ուղղակի, երբ այդ ամենը ի մի բերվեց և «փաթեթային» ներկայացվեց համանախագահի մակարդակով, նոր միայն դժգոհության հրապարակային դրսևորումներ եղան, Սերգեյ Ղազարյանն ասաց.«Իսկ ո՞վ ասաց, որ դրանով ավարտվում է, դա հերթական ինչ-որ մի քայլ է՝… այդ գործընթացի համար, ու դրանով հո ամեն ինչ չի ավարտվո՞ւմ: Ուղղակի եթե կարելի է այսպես ասել՝ ևս մեկ անգամ առիթ ընձեռվեց, որ մարդիկ իրենց տեսակետը՝ այդ հնչեցված սկզբունքների վերաբերյալ հայտնեն: Այս երկրի կարծիքը ներկայացնում է Արցախի ժողովուրդը, որոշումը կայացնողը Արցախի ժողովուրդն է, ո՛չ համանախագահն է, ո՛չ մեկ ուրիշը»:
Նույն հարցին պատասխանելով, որ Արցախը նո՞ր է իմացել, Դավիթ Իշխանյանը կրկնեց գործընկերոջը՝ ասելով, ոչ միայն Ղարաբաղի հասարակությունը, այլև Ղարաբաղի պետական և քաղաքական շրջանակները, այն պահից ի վեր, երբ 2007-ին Մադրիդյան սկզբունքները հրապարակվեցին, միշտ էլ հրապարակավ հայտարարել են, որ այդ սկզբունքները չեն բխում մեր ժողովրդի շահերից և որ «այդ սկզբունքները պետք է ընդհանրապես կազմաքանդել»:
Նշենք, որ ԼՂ Նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ընդգծել է, որ Արցախի համար անկախությունն ու ազատությունը բացառիկ արժեքներ են և վերադարձ անցյալին` թե՛ կարգավիճակի, թե՛ սահմանների առումով, անհնարին է:
Հիշեցնենք, որ հրադադարի 20-ամյակի ն նվիրված հայտարարության մեջ համանախագահները նշել էին, որ մոլորեցվում են հասարակությունները, որ ստատուս քվոն կարող է հավերժ շարունակվել:
Անդրիաս Ղուկասյանը նկատեց, որ ժողովուրդներն ունեն խաղաղության և զարգացման բնական իրավունք՝ այլ իրավունքների ու ազատությունների թվում:
Հարցին, որ գուցե հասարակության կողմից նմանատիպ ակցիաներով Ղարաբաղը ուզում է հասկացնել տալ, որ իր բանակցային սեղանին գտնվելը այլևս պարտադիր է դիտվում Ստեփանակերտի ու Երևանի կողմից, քաղաքագետը պատասխանեց.«Ղարաբաղի ղեկավարությունը չունի իրական ցանկություն՝ բանակցությունների կողմ լինելու»:
Ըստ Անդրիաս Ղուկասյանի, եթե նման ցանկություն իրականում լիներ, վաղուց կպարզաբանվեր Ղարաբաղի Պաշտպանության բանակի կարգավիճակը։ «Որովհետև ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը անհնար կլիներ, եթե Հայաստանի նախագահը լիազորված չլիներ հանդես գալու որպես Ղարաբաղի Պաշտպանության բանակի Գերագույն գլխավոր հրամանատար: Հակառակ դեպքում հարց է առաջանում. ինքը ի՞նչ իրավասություններ կարող ունենալ այդ բանակին հրահանգներ արձակելու հետ»:
Նրա խոսքով՝ այդ հարցը կապված է հենց Ղարաբաղի իշխանությունների հետ: «Եվ երկրորդ հարց, որ կապված է դրա հետ, այն է, թե, ի վերջո, երբ եռակողմ ֆորմատից բանակցությունները անցան Հայաստան-Ադրբեջան ֆորմատի (1999 թվականին, երբ ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը Արցախում նախագահի պաշտոնը թողեց և տեղափոխվեց Հայաստան՝ վարչապետ , իսկ դրանից հետո ընդունված դարձան շեշտադրումները, որ նա ներկայացնում է և՛ Ղարաբաղը, և՛ Հայաստանը – Tert.am) Արցախի կողմից ինչ–որ գրավոր լիազորագրով, իրավական ակտով նման թույլատվություն տրվե՞լ է»,– ասաց նա:
Անդրիաս Ղուկասյանը ենթադրում է, որ, այո՛, տրվել է, քանի որ հակառակ դեպքում Մինսկի խումբը չէր կարող իր աշխատանքները կազմակերպել այդ ձևաչափով:
«Եվ, բնակաբար, յուրաքանչյուր տրված լիազորագիր կարող է ետ վերցվել, այդ առումով դա կախված է Արցախի իշխանությունների կամքից՝ Ղարաբաղը կդառնա՞ այդ բանակցությունների կողմ, թե ոչ»,-հայտարարեց Անդրիաս Ղուկասյանը:
Ի պատասխան հարցի, թե տեղյա՞կ է, նման լիազորագիր եղե՞լ է, Սերգեյ Ղազարյանն ասաց, որ «ներկա չի եղել», բայց հստակ գիտի, որ Ղարաբաղը պետք է հենց այս պահից բանակցային գործընթացում որպես լիարժեք անդամ ներգրավվի: Ըստ նրա՝ բոլոր շահագրգիռ կողմերն էլ որքան շուտ այս բանը հասկանան, այնքան լավ գործընթացի համար:










