Պնդել, որ պարտադիր բաղադրիչը մնալու է՝ նույնն է, թե թույլ տալ հանցագործություն. Արծվիկ Մինասյանը` Արթուր Ջավադյանին
ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ԱԺ ամբիոնից անդրադարձավ Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում առաջադրված Արթուր Ջավադյանի հայտարարությանը, թե փոփոխված օրենքով, անշուշտ, լինելու է պարտադիր բաղադրիչը։
«Հարգելի գործընկերներ, Սահմանադրական դատարանի որոշմամբ պարտադիր բաղադրիչը բնութագրող նորմերը ճանաչվել են հակասահմանադրական ու անվավեր, և պնդել, որ պարտադիր բաղադրիչը մնալու է՝ նույն է, թե թույլ տալ հանցագործություն»,-ասաց նա և հարցրեց, թե ինչու են այդքանից հետո կրկին ասում, որ պարտադիրը մնալու է։
«Ինչո՞ւ եք կրքերը լարում, ինչո՞ւ եք հայտարարում, որ պետք է լինի։ Ես արդեն համոզված եմ ասում, ուրեմն դուք կամ մասնագիտական առումով թերություն ունեք, կամ առնվազն այնպիսի ընթացքի մեջ եք, որ անընդհատ լարվածությունը փորձում եք պահել։ Մանավանդ այն մեկ քայլից հետո, նորից պնդում եք կատարում»,-ասաց նա և դիմելով դահլիճում նստած Ջավադյանին ասաց. «Հնարավոր չէ պարտադիր բաղադրիչը վերականգնվի, պարո՛ն Ջավադյան ջան, եթե փորձ արեցիք, պայքարն էլի ենք թեժացնելու։ Ձեզ թվում է հաճելի՞ է անընդհատ այստեղից խոսել դրա մասին։ Խնդրանքս է, աղաչանքս է, այս ամբիոնից մի՛ խոսեք կուտակայինի մասին, քանի նորը չի մշակվել։ Անունը դիզայն կդնեք, ինչ կդնեք, բայց մի խոսեք»,-եզրափակեց նա։










