Տնտեսական իրական կյանքն ուրիշ է, Կառավարության ներկայացրած փաստաթուղթը՝ ուրիշ. Արմեն Բադալյան
Tert.am-ի հետ զրույցում քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը համոզմունք հայտնեց, որ իրական տնտեսական քաղաքականությունը մի բան է, ծրագիրը՝ մեկ այլ բան, և, հետևաբար, նա այս ծրագրից սպասելիքներ չունի: «Բնականաբար՝ դե յուրե փոխվել է Կառավարությունը, բայց՝ ո´չ դե ֆակտո, որովհետև այդ Կառավարության գործիչները և նրանցից շատ-շատերը նախորդ Կառավարության անդամ են եղել, դրանից առաջ այլ Կառավարության անդամ են եղել: Կառավարությունը կփոխվեր, եթե Նախագահը փոխվեր, որն էլ որոշում է Հայաստանի տնտեսական քաղաքականությունը»,-ասաց Արմեն Բադալյանը:
-Պարո´ն Բադալյան, Կառավարության ծրագրի նախագծում, ըստ ընդունված գնահատականների, շատ աղքատիկ են թվային ցուցանիշները, միայն աղքատության կրճատում՝ մինչև 10 նիշով, 2017-ի համար՝ նվազագույն աշխատավարձ 65 000 դրամի չափով և տնտեսական աճ՝ 5 տոկոսի չափով: Նշենք, որ վարչապետի կուսակիցներից Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ ավելի լավ է՝ ունենալ համեստ, բայց իրագործելի ցուցանիշներ, քան՝ գեղեցիկ բառեր, ու հետո «փաստի առաջ կանգնել»: Հաշվի առնելով, որ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ եք, PR տեսանկյունից սա ինչպե՞ս է աշխատում:
-Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում տնտեսական քաղաքականութունը որոշում է Հայաստանի Նախագահը, ո´չ թե Կառավարությունը, ինչ ծրագիր էլ որ ներկայացվի, դա ընդամենը փաստաթուղթ է և՝ ո´չ ավելին, որովհետև տնտեսական քաղաքականությունը որոշում է Նախագահը:
Ոչ մի ծրագրի մեջ չի գրվում, որ պարենային և ոչ պարենային մի քանի տասնյակ ապրանքների մենաշնորհներ պետք է լինեն, սակայն մենաշնորհները կան, ոչ մի ծրագրի մեջ գրված չէ, որ պետք է լինի ոչ հավասար մրցակցություն, սակայն կա: Այսինքն՝ կարևոր չէ, թե ինչպիսի փաստաթուղթ է ներկայացվում, և դրա մեջ ինչ է գրված:
-Բայց չէ՞ որ տնտեսության քաղաքականության գերակայությունները կարող են փոխվել: Օրինակ՝ եթե վարչապետ Տիգրան Սարգսյանն ու իր Կառավարությունը, ըստ ընդունված կարծիքի, բանկային համակարգի համար էր առանձնաշնորհյալ պայմաններ ստեղծում, Հովիկ Աբրահամյանը կարևորում է գյուղատնտեսության, գործարար միջավայրի և այլնի դերը:
-Տնտեսական մանր այս կամ այն տարբերությունները իրենցից էական ինչ-որ բան չեն ներկայացնում, կարևորն այն է, որ եթե նման ցանկություն լիներ, 6 տարվա ընթացքում այդ քաղաքականությունը կիրականացվեր: Մասնավորապես՝ մենաշնորհների հարցը կլուծվեր, տնտեսական մրցակցության համար հավասար պայմաններ կստեղծվեին, միջին բիզնեսը կզարգացվեր: Այսինքն՝ տնտեսական իրական կյանքն ուրիշ է, Կառավարության ներկայացրած փաստաթուղթը՝ ուրիշ, անկախ նրանից, թե այդ փաստաթղթի մեջ տնտեսության որ ճյուղերին է նախապատվություն տրվում: Մի վարչապետը մի ճյուղի էր նախապատվություն տալիս, մյուսը՝ այլ, սակայն էականն այն է, որ Նախագահը, ով հանդիսանում է ՀՀ տնտեսական քաղաքականության որոշողը, կամք ու ցանկություն չունի՝ այդ տնտեսական զարգացումներն ունենալու:
-Վարչապետը կարծես ակնկալում է, որ իրեն հավատան, թե կա քաղաքական կամք:
-Նախկին վարչապետն էլ էր ցանկանում, որպեսզի իրեն հավատան ու վստահեն, որ ինքը «Հայկական աշխարհ» է ստեղծում, գիտելիքահեն տնտեսություն, և պետք է այսպես ասած՝ doing biznes-ի ցուցանիշներ լավացնի: Վեց տարվա ընթացքում տեսանք, թե դա ինչ էր նշանակում: Հովիկ Աբրահամյանը ո´չ թե պետք է տնտեսական ծրագիր գրեր, այլ ներկման մենաշնորհները վերացներ. նա արդեն մեկ ամիս է՝ վարչապետ է, կարող էր այդ ժամանակն օգտագործել: Վերացվա՞ծ են դրանք, ո´չ: Ուրեմն՝ ինչ-որ կգրվի, նշանակություն չունի: Գոյություն ունի իրական տնտեսական կյանք: Բնականաբար՝ դե յուրե փոխվել է Կառավարությունը, բայց ոչ՝ դե ֆակտո, որովհետև այդ Կառավարության գործիչները և նրանցից շատ-շատերը նախորդ Կառավարության անդամ են եղել, դրանից առաջ այլ Կառավարության անդամ են եղել: Կառավարությունը կփոխվեր, եթե Նախագահը փոխվեր, որն էլ որոշում է Հայաստանի տնտեսական քաղաքականությունը:
-Այդ դեպքում ինչու՞ էր պետք այս ամենը՝ Տիգրան Սարգսյանի պաշտոնանկություն, նոր Կառավարություն:
-Տիգրան Սարգսյանի հրաժարականը պետք էր, քանի որ Տիգրան Սարգսյանը հանդիսանում էր 2018 թվականի Նախագահի հիմնական հավակնորդներից մեկը, բնականաբար՝ Հովիկ Աբրահամյանի հետ միասին, սակայն Ռուսաստանին այդ տարբերակը ձեռնտու չէր: Չմոռանանք, որ Տիգրան Սարգսյանը, եթե համեմատության մեջ դնենք Հովիկ Աբրահամյանի հետ, ավելի մեծ շանս ուներ՝ ստանալու Արևմուտքի աջակցությունը: Ավելին՝ մենք հիշում ենք, որ նա ժամանակին հանդիպեց ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հետ, առանձնազրույց ունեցավ, և ոչ ոք չգիտի, թե այդ առանձնազրույցի ժամանակ ինչ է խոսվել: Հավանաբար՝ Ռուսաստանը գիտեր և այդ պատճառով Տիգրան Սարգսյանի Կառավարությանը և Տիգրան Սարգսյանին անձնապես դուրս բերեց քաղաքական դաշտից:










