Դոմինիկ Ստրոս-Կանը դատի կտա իր կենսագրական ֆիլմի հեղինակներին

13:17 • 19.05.14

Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոս-Կանը մտադիր է իր կյանքից իրադարձությունների վրա հիմնված «Բարի գալուստ Նյու Յորք» ֆիլմի հեղինակների դեմ հայց ներկայացնել՝ զրպարտության համար, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Local-ին, որն էլ վկայակոչում է Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավարի փաստաբանին:

 

Աբել Ֆերարայի ֆիլմը, որտեղ գլխավոր դերում հանդես է գալիս Ժերար Դեպարդիոն, Կաննում ներկայացվել է անցած շաբաթ: Ներածական ենթագրերում ասվում է, որ ֆիլմը հիմնված է դատական գործի նյութերի վրա:

 

Ավելի վաղ Դոմինիկ Ստրոս-Կանի և սկանդալ առաջացրած ու նրա կարիերան տապալած սպասուհու բռնաբարության դեպքի մասին ֆիլմի հեղինակներին արդեն նախազգուշացրել են Աննա Սինքլերի՝ Ստրոս-Կանի նախկին կնոջ կողմից հնարավոր հետևանքների մասին։