Հայաստանում հեռախոսի և ավտոմեքենայի համարներն այնքան կարևոր են, որ մարդու մասին դատում են դրանցով. հոգեբան

20:28 • 19.05.14

Երևանի պետական բժշկական համալսարանի բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանը, Tert.am-ի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե հոգեբանական ի՞նչ խնդիրներ են առավել ընդգծված մեր հանրության շրջանում, նշեց, որ մենք չունենք ազգային մակարդակի հետազոտություն, և ինքն իրեն իրավունք չի վերապահում հայտարարել, թե հատկապես և առավելապես հոգեբանական ինչ խնդիրներ ունենք:

 

«Բայց մի բան հստակ է, որ հանրության շրջանում ամենատարածված խնդիրներից մեկը, որը մյուս երկրների մոտ ավելի շատ է, կպչուն-սևեռուն խանգարումներն են: Դրանք կպչուն գործողություններ կամ կպչուն մտքեր են»,-ասաց հոգեբանը՝ նշելով, թե աշխարհի շատ երկրներում է եղել և շատ քիչ դեպքերում է տեսել, որ այդքան կարևորեն ավտոմեքենայի և հեռախոսի համարը:

 

«Իսկ Հայաստանում դա այնքան կարևոր է, որ մարդու մասին դատում են իր համարով: Այլ երկրներում ոչ ոք չի նայում, թե ով ինչ մեքենայով գնաց, ինչ հեռախոսահամար ունի: Ինձ թվում է, որ սա էլ է կպչունության հետևանքներից մեկը»,-ասաց Խաչատուր Գասպարյանը:

 

Նրա բնորոշմամբ՝ մեծ կախվածություն կա նաև համակարգիչներից և համացանցից: Որպես օրինակ՝ հոգեբանը նշեց, որ հատկապես շատ են իրենց դիմում այն հարցով, որ համացանցն ամբողջովին կլանել է երեխային, և դրա հետևանքն այն է, որ երեխաները դադարում են իրական հաղորդակցությունից. անցնում են վիրտուալ հաղորդակցման եղանակին:

 

«Համակարգչից կախվածությունը նույնքան վտանգավոր է, որքան ալկոհոլից և նմանատիպ նյութերից կախվածությունը, որովհետև դա ուղեղային գրեթե նույն մեխանիզմով է մարդուն ստիպում կառչել համակարգչից և ժամերով նստել դրա դիմաց»,-ասաց հոգեբանը՝ տեղեկացնելով, որ հիմա ամբողջ աշխարհում քննարկվում է, թե արդյո՞ք համակարգչային կախվածությունը պետք է անձի հիվանդագին սովորությունների մեջ ավելացնեն: