Հարավային Կորեայի նախագահը ստանձնել է «Սևոլ» նավի խորտակման պատասխանատվությունը
Հարավային Կորեայի նախագահ Պակ Կըն Հեն ստանձնել է «Սևոլ» նավի խորտակման պատասխանատվությունը, ինչպես նաև հայտարարել է, որ առափնյա պահպանության ազգային ծառայությունը կվերացվի, հայտնում է Газета-ն՝ հղում անելով Agence France-Presse գործակալությանը։
«Որպես նախագահ, ով պատասխանատու է Հարավային Կորեայի բնակիչների անվտանգության և կյանքի համար, ես ներողություն եմ խնդրում բոլոր մարդկանց տառապանքների համար։ Կատարվածի համար ես եմ պատասխանատու»,- ասել է Պակ Կըն Հեն։
Նրա խոսքով՝ առափնյա պահպանության ծառայությունը խափանել է ողբերգությանն անհապաղ արձագանքելու գործողությունը՝ նշելով, որ հնարավոր կլիներ ավելի շատ մարդու փրկել։
Համաձայն վերջին տվյալների՝ հարավկորեական նավի խորտակման զոհերի թիվը հասել է 286-ի։










