Տուրչինովը հայտնել է Ռուսաստանի դեմ 100 մլրդ դոլարի հայցի մասին

10:25 • 19.05.14

Ուկրաինայի արդարադատության նախարարությունը 100 միլիարդ դոլարի հայց է պատրաստում Ռուսաստանի դեմ, հայտարարել է Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը, գրում է gazeta.ru-ն:

 

Տուրչինովի խոսքով՝ Ուկրաինայի դիմումը միջազգային դատարան պետք է Ռուսաստանին ստիպի դադարել ինքնակամ բարձրացնել ռուսական գազի գինը և փոխհատուցել ագրեսիայի պատճառով ստացած վնասները։

 

«Գազային շանտաժը ոչ միայն Ուկրաինային, այլև այլ երկրների ճնշելու սիրելի ձևաչափն է»,- ընդգծել է նախագահի պաշտոնակատարը՝ հավելելով, որ եկել է ժամանակը վերջակետ դնելու նման անընդունելի գործողությանը։

 

Բացի այդ, նախագահի պաշտոնակատարն ընդգծել է, որ Ուկրաինայի կառավարությունն այժմ ճանապարհներ է փնտրում, որպեսզի խուսափի էներգետիկ ճգնաժամից ռուսական գազի մատակարարման կրճատումների դեպքում։ Տուրչինովը հավելել է, որ Ուկրաինան «մեն-մենակ չի մնա Ռուսաստանի հետ»։

 

«Երբ մեր ռազմավարական գործընկերները զուգահեռ աշխատեն մեզ հետ, մենք կստիպենք Ռուսաստանի Դաշնությանը հաշվի նստել աշխարհի քաղաքակիրթ երկրների դիրքորոշման հետ»,- ասել է Տուրչինովը։