Վերնիսաժի մոտ հրազենից վիրավորված հիվանդներից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում. երկուսի վիճակը կայուն ծանր է
Երևանի Խանջյան փողոցում՝ «Վերնիսաժի» մոտ հնչած կրակոցների հետևանքով հրազենային վնասվածքներով Թիվ 1 Համալսարանական հիվանդանոց տեղափոխված 5 հիվանդների վիճակը վիրահատությունից հետո կայուն է. այս մասին Tert.am-ին ասաց հիվանդանոցի մամուլի պատասխանատու Ալեքսանդրա Հարությունյանը։ Նա նշեց, որ հիվանդների ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում։
«Ալբինա Բադալյանը ստաբիլ կայուն վիճակում է, ամեն ինչ կարգին է իր մոտ, Նորայր Հարությունյանի վերքերը նորմալ վիճակում են, կյանքին վտանգ չի սպառնում, Սուքիասյան Մնացականը նույնպես գիտակից, կայուն վիճակում է։ Մյասնիկ Հայրապետյանը և Վալերի Հովհաննիսյանը կայուն ծանր վիճակում են, սակայն գիտակից են։ Նրանից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում»,-նշեց նա։
Հիշեցնենք, որ մայիսի 17-ին, ժամը 13:25-ի սահմաններում «Վերնիսաժի» մոտ տեղի էր ունեցել վիճաբանություն և հնչել էին կրակոցներ, որի հետևանքով հրազենային վնասվածք էին ստացել պատահական անցորդներ։ Նրանց տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասի և 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և քննչական անհետաձգելի միջոցառումներ հանցագործություն կատարած անձին (անձանց) հայտնաբերելու ուղղությամբ:
Նշենք, որ ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնել են, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հանցագործությունը կատարել է 1985 թ. ծնված Գոռ Ա.-ն, որը բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մայիսի 18-ին ներկայացել է ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, որտեղից էլ հանձնվել է Կենտրոնական քննչական բաժին:
Ըստ տեղեկությունների՝ նա ԲՀԿ խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանի («Յուվեցի Կարո») փեսան է։










