Կոնչիտա Վուրսթի ելույթը պատիվ է մեզ համար. Ավստրիայի կանցլեր
«Եվրատեսիլ- 2014» երգի միջազգային մրցույթի հաղթող Կոնչիտա Վուրսթը մրցույթից հետո առաջին անգամ համերգ է տվել Վիեննայում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Համերգին ներկա են եղել հազարավոր երկրպագուներ, այդ թվում՝ միասեռական զույգեր:
Անցած շաբաթ Վուրսթին ընդունել էր Ավստրիայի կանցլեր Վերներ Ֆայմանը, շնորհակալություն հայտնել հանդուրժողականության քարոզի համար։ Նա ասել էր, որ Կոնչիտայի ելույթը պատիվ է Ավստրիայի համար:
Ֆայմանի սոցիալ-ժողովրդավարական կուսակցությունը հույս է հայտնել, որ «Եվրատեսիլում» Կոնչիտայի հաղթանակը կոալիցիայի իրենց գործընկերներին՝ Ժողովրդական կուսակցությանը, կստիպի է՛լ ավելի ակտիվորեն հանդես գալ Ավստրիայում սեռական փոքրամասնությունների օգտին: Այդ թվում՝ միասեռ ամուսնությունների ճանաչման:
Սակայն Կոնչիտայի համերգը քննադատել է իշխող կոալիցիայի կազմի Ժողովրդական կուսակցությունը։
Իսկ այլ քաղաքական ուժեր Ֆայմանին մեղադրել են Վուրսթի հաղթանակը քաղաքական նպատակներով օգտագործելու համար։










