Ինչքան Տիգրան Սարգսյանին եմ հարցեր տվել, ավելի դժվար հարցեր էլ Ձեզ եմ տալու. Արամ Մանուկյանը՝ Հովիկ Աբրահամյանին
Կառավարության ծրագիրը ԱԺ-ին ներկայացնելուց հետո այսօր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին հարցեր ուղղելու համար հերթագրվեց 34 պատգամավոր։ Հովիկ Աբրահամյանը ժպտալով արձագանքեց. «Բա մի ժամանակ վարչապետին հարցեր չէի՞ք տալիս» և հավելեց, թե պատրաստ է պատասխանել։
Առաջինի հարցը «Հայ Ազգային Կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանինն էր, ով նկատեց, թե վարչապետի ռեպլիկն իրեն չէր վերաբերում։ «Ինչքան Տիգրան Սարգսյանին եմ հարցեր տվել, ավելի դժվար հարցեր էլ Ձեզ եմ տալու»,-ասաց նա։
Իսկ պատգամավորի հարցը հետևյալն էր. «Ձեր կառավարությունում չկա՞ն նախարարներ, որոնք զբաղվում են ձեռնարկատիրական գործունեությամբ»։ Արամ Մանուկյանը նաև նշեց, թե շատ է շփվում մարդկանց հետ և բոլորը վատ են արտահատվում նոր նշանակված կադրերի միասին. «Միշտ վատ, ուզում էի տեղեկանալ, նոր նշանակված կադրերը Ձեր առաջարկո՞վ էին, թե Սերժ Սարգսյանի առաջարկով էր, որոնք Ձեզ հետ համաձայնեցվել են»։
Հովիկ Աբրահամյանը վերջին հարցի առնչությամբ նշեց, թե անիմաստ է գտնում պատասխանել, քանի որ Սահմանադրություն է ասում, թե ով է նշանակում և իրենք առաջնորդվել են ըստ Սահմանադրության պահանջի։
Գործարար նախարարների համար նա նշեց, որ կոնկրետ որևէ տեղեկություն չունի, որ որևէ նախարար այսօր կառավարության կազմում զբաղվում է ձեռնարկատիրությամբ։ «Եթե նման մարդիկ կան, կհեռանան»,-նշեց նա։
Ինչ վերաբերում է լավ կամ վատ կադրերին՝ վարչապետը նշեց. «Յուրաքանչյուր կադր էլ որ նշանակեինք, նույնիսկ Ձեզ, կասեին՝ վատ է, դա հարաբերական է։ Ինձ համար սկզբունքային է, որ լինեն պրոֆեսիոնալ, որպեսզի չդանդաղենք, հաշվի են առել նրանց փորձը»,-ասաց նա։
Վարչապետը հավատացրեց, թե կառավարության այն անդամը, ով չի կատարի ներկայացված ծրագիրը, իրենց ճանապարհները կբաժանվեն. «Անկախ ինչքան ճանապարհ ենք անցել, այդ սկզբունքը պահելու եմ»։
Արամ Մանուկյանն արձագանքեց, թե իրենք ասել են, որ որևէ կառավարության հետ մտադիր չեն պատասխանատվություն վերցել։ Տեղից արձագանքեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը. «Մեր բախտը բերել է, որ չեք վերցնելու»։
Արամ Մանուկյանը խնդրեց չխառնվել, ինչին ի պատասխան ԱԺ նախագահն ասաց. «Դրա համար կարելի է ոչ ջրիկ հարցեր տալ»։










