Չինացին նոր մեքենայի համար վճարել է 2,5 տոննա մետաղադրամով
Չինաստանի բնակիչը որոշել է նոր ավտոմեքենայի համար վճարել 5 տոննա մետաղադրամով՝ յուրաքանչյուրը մեկ յուան արժողությամբ, բայց վաճառողը նրանից ընդունել է միայն 2,5 տոննա գումար, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Chinatopix-ին:
Դեպքը տեղի է ունեցել Չինաստանի արևելքում գտնվող Շանդուն շրջանում: Տղամարդը ձեռք է բերել Soueast մոդելը 100 հազար յուանի դիմաց:
Նշվում է, որ հաճախորդն ավտոսրահում նախազգուշացրել է վաճառողին, որ վճարելու է մետաղադրամներով, այլ ոչ թղթադրամներով: Չցանկանալով բաց թողնել վաճառքը՝ մենեջերը համաձայնել է: Սակայն ստուգելու համար պոլիէթիլենային տոպրակների և թղթե արկղերի մեջ փաթեթավորված գումարի քանակը, գործի են անցել խանութի բոլոր աշխատակիցները: Մի քանի ժամվա մեջ հաշվվել է միայն 50 հազար մետաղադրամ: Ավտոսիրահարն այդ ընթացքում ֆիլմ է դիտել։
Ավտոսրահի ղեկավարությունը վերջիվերջո չի դիմացել և խնդրել է հաճախորդին մնացած մասը վճարել կրեդիտ քարտի միջոցով, և տղամարդը համաձայնել է։










