Ուկրաինայի ողջ տարածքում ընտրությունների անցկացում արդեն հնարավոր չէ. Կիևի իշխանություններ
Ուկրաինայի կառավարությունը խոստովանել է, որ մայիսի 25-ին նախատեսված նախագահական ընտրությունները կկայանան ոչ բոլոր շրջաններում՝ երկրում անհանգիստ իրավիճակի պատճառով:
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը երկուշաբթի հայտարարել է, որ Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում «նորմալ ճանապարհով քվեարկության անցկացում արդեն հնարավոր չի լինի», գրում է Deutsche Welle-ն։ Նրա խոսքով՝ երկրի արևելյան որոշ շրջաններում ռուսամետ տրամադրված անջատողականները հարձակվում են ընտրական հանձնաժողովների վրա, առևանգում նրանց անդամներին և գողանում կնիքները։
Ընդ որում՝ Ավակովը վստահ է, որ ընտրություններն այնուամենայնիվ կկայանան իրենց «ժողովրդական հանրապետություն» հռչակած և նախընտրական արշավին մասնակցությունից հրաժարված երկու շրջանների որոշ հատվածներում:
Իր հերթին՝ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը մտադիր է ընտրությունների նախօրեին աշխատել ճգնաժամային շրջաններում ահաբեկչություններն ու զանգվածային անկարգությունները կանխելու ուղղությամբ։










