«Համամասնակա՞ն, թե՞ մեծամասնական ընտրակարգ» դիլեման արհեստական է, խնդիրը քաղաքական մշակույթի մեջ է. Ս. Ֆարմանյան

16:03 • 20.05.14

Հարցադրումը՝ համամասնակա՞ն, թե՞ մեծամասնական ընտրակարգ, արհեստական է: Այս մասին այսօր «Հայ Յեղափոխական Դաշնակցության» ներկայացրած՝ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:

«Առաջարկվող բանաձևը լուծում չի տալիս, իմ խորին համոզմամբ, գոյություն ունեցող տրիվիալ խնդիրներին, որոնց մասին բոլորս գիտենք: Ինչպես հայտնի անեկդոտում է ասվում՝ չստացվի այնպես, որ ամեն ինչ մնա նույնը, բայց թղթաբանությունը շատանա»,-զգուշացրեց հանրապետական պատգամավորը և կարծիք հայտնեց, որ համամասնական-մեծամասնական դիլեման շեղում է բոլորի ուշադրությունը բուն խնդրից:

Իսկ բուն խնդիրը, ըստ պատգամավորի, քաղաքական մշակույթի մեջ է, կուսակցական համակարգի և համատեղ քաղաքական կամքի ոչ լիարժեք գոյության:

«Կարելի է տասնյակ «կողմ» փաստարկներ բերել մեծամասնական ընտրակարգին, տասնյակ՝ դեմ, տասնյակ դեմ՝ համամասնական ընտրակարգին և հակառակը, բայց կարծում եմ, որ քաղաքական կամքի և գոյություն ունեցող մշակույթի մեր պայմաններում դա առնվազն չի լուծի Ձեր կողմից դրված ճշմարտացի խնդիրը, բայց կարող է էլ ավելի բարդացնել այն»,-հայտարարեց Սամվել Ֆարմանյանը:

Հիշեցնենք, որ հարցի հիմնական զեկուցող՝ ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ բոլոր ոչ իշխանական խմբակցությունները կողմ են 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելուն, իսկ «Հանրապետական» խմբակցությունը՝ դեմ։

«Այսինքն՝ այս համակարգի պայմաններում, ով իշխանություն է, պահպանում է իշխանությունը՝ «մինչև վերջ, մինչև առիթ լինի ֆորսմաժորային ինչ-որ իրավիճակի»,-ասաց Արմեն Ռուստամյանը և հավելեց, որ «ՀՀԿ գրպանում եղած 41 մեծամասնական բոնուսային մանդատները» հենց դրա երաշխիքն են:

Ըստ Սամվել Ֆարմանյանի՝ նույնիսկ մեր օրերում մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորին ոչինչ չի խանգարում գործել արդյունավետ: Եվ ճիշտ հակառակը, ոչինչ չի երաշխավորում, որ համամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորը կգործի անարդյունավետ:

Նա այս համատեքստում նկատեց, որ այս հարցում շատ կարևոր է, թե ինչպես են ձևավորվում կուսակցական համամասնական ցուցակները. ըստ նրա՝ հասարակ կուսակցականները մամուլից են տեղեկանում, թե ինչպես է այդ ցուցակը կազմվել:

«Ոչ մեկի համար գաղտնիք չէ , որ մարդիկ կլորիկ գումարներ են տրամադրում՝ այդ ցուցակում անցողիկ տեղեր զբաղեցնելու համար: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ մարդկանցից կուսակցության ղեկավարների կողմից վերցվում են ինքնաբացարկի դիմումներ, որպեսզի հետո որոշվի՝ ո՞վ է լինելու հաջորդ պատգամավորը»,-ավելացրեց նա:

Պատգամավորի ամփոփմամբ՝ սահմանադրական փոփոխությունների համատեքստում այս մասին պետք է շատ ազնիվ և բաց քննարկում ծավալել։