Ռուսական գազից Եվրոպայի հրաժարվելու դեպքում այն կուղարկեն Չինաստան

08:43 • 20.05.14

Ռուսական գազից Եվրոպայի հրաժարվելու դեպքում այն կարող է ուղարկվել Չինաստան: Այդ կարծիքն է հայտնել Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, գրում է lenta.ru-ն:


«Մենք բավականաչափ հնարավորություններ ունենք, բավականաչափ գազ ունենք, որպեսզի այն մատակարարենք և՛ արևելյան, և՛ արևմտյան ուղիներով: Բայց եթե նայենք շատ վատ հեռանկարին, զուտ տեսականորեն գազը, որը կարող է չմատակարարվել Եվրոպա, կարող է ուղարկվել արևմտյան ուղիով Չինաստան: Բայց դա, ընդգծում եմ, դեռ բացարձակ տեսական հնարավորություն է»,- հայտարարել է Մեդվեդևը Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում:


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այժմ մեկնում է Չինաստան: Նրա երկօրյա պաշտոնական այցի հիմնական նպատակը Չինաստան ռուսական վառելիքի մատակարարման մասին համաձայնությունն է, որի ստորագրումը «Գազպրոմը» սպասում է արդեն գրեթե 20 տարի:


Ռուսաստանից գազը Չինաստանի տարածք ենթադրվում է մատակարարել երկու ուղիով, մեկը կոչվում է արևելյան, մյուսը՝ արևմտյան: