Մեզ գցում ենք ծանր իրավիճակի մեջ, հետո հերոսաբար դուրս գալիս. Հ. Հարությունյանը՝ հին ու նոր կառավարություններից

12:19 • 20.05.14

Tert.am-ի հետ զրույցում Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը շատ կարևորեց վարչապետ Հովիկ Աբրահամյանի դերը այս ժամանակահատվածում: «Անհատի դերը շատ բարձր եմ գնահատում, էս կոմունիստներն էին, որ անհատի դերը չէին գնահատում: Ցանկացած պատմական պրոցեսի համար անհատի դերը շատ կարևոր է»,-ասաց Համլետ Հարությունյանը՝ պայմանավորվելով, որ ուղիղ մեկ տարի հետո՝ 2015 թվականի մայիսի 20-ին հարցազրույց կտա ու ներողություն կխնդրի, եթե իր լավատեսական կանխատեսումները չիրականան: «Երևի ինքներդ էլ համոզված եք, որ էդպես կարճամետրաժ բաներ չեն: Եկեք պայմանավորվենք մեկ տարվա կտրվածքով, մի տարի հետո, եթե իհարկե, կենդանի մնամ… մեր տարիքի մարդիկ մի քիչ խախուտ են, էլի..»,-նշեց նա։


-Ի՞նչ եք կարծում, կառավարության ներկայացրածը գեղեցիկ նախադասություննե՞ր են, թե իրատեսական ծրագիր:


-Ոչ, իմ խորին համոզմամբ՝ իրատեսական ծրագիր է, որը նոր վարչապետը անպայման կիրականացնի։ Ես հավատում եմ իրեն, իր հնարավորություններին, կարողություններին և որ կարևոր է, որ ինքը հասկանում է, թե ինչ է ասում: Ես դա համարում եմ ռեալ:

-Լավ բա նախորդ վարչապետը ինչո՞ւ չէր անում այդ ամենը:

- Չեմ կարող ես համեմատություններ անցկացնել, բայց դրանք բոլորովին տարբեր անձնավորություններ են, ես էդքանը կարող եմ ասել:

-Բայց եթե նրանք նույն քաղաքական թիմի անդամ են, տիրապետում են նույն լծակներին ու ռեսուրսներին…

-Անհատի դերը շատ բարձր եմ գնահատում, էս կոմունիստներն էին, որ անհատի դերը չէին գնահատում: Ցանկացած պատմական պրոցեսի համար անհատի դերը շատ կարևոր է: Նույն ռեսուրսներով, նույն հնարավորություններով, նույն աշխարհաքաղաքական իրավիճակում մի անհատ կարող է մի գործելակերպ որդեգրել, մյուսը՝ բոլորովին այլ:

-Իսկ ինչո՞ւ վիճակը եկավ-հասավ նման աղետալի շեմի, երբ Հովիկ Աբրահամյանից, Ձեր ասածի տրամաբանությունից ելնելով, արդեն հերոսական ջանքեր են պահանջվելու:

-Էդ վիճակի ինչ-որ հասել է, ես դրա համար որևիցե պատասխանատվություն չեմ կրում:

-Կրում եք, Դուք Հանրապետական՝ իշխող կուսակցության ներկայացուցիչ եք:

-Այո, բարոյապես կրում եմ: Եվ էստեղ շատ ճիշտ նկատեցիք՝ մենք գիտակցաբար մեզ գցում ենք շատ ծանր իրավիճակի մեջ և հերոսական ջանքերի գնով դուրս գալիս այդ իրավիճակից: Դա Չերչիլն է ասել Սովետական միության մասին: Կարծես թե պատմությունը կրկնվում է: Բայց որ դուրս ենք գալու էդ վիճակից, ես չեմ կասկածում, մենք այլ հնարավորություն չունենք: Մենք անպայման ենք դուրս գալու: Ես իրապես լավատես մարդ եմ և կարծում եմ, որ մենք դուրս կգանք: Նոր կառավարությունն ու նոր վարչապետը ամեն ինչ անելու են: Ու մենք էլ իրենց պետք է սատար լինենք, օգնենք, քիչ մարդկանց հոգեվիճակի վրա ազդենք: Անընդհատ վատ, ղարղառի նման կրկնենք, որ վատ է… բերեք՝ էս անգամ էլ բոլորս միասին բան անենք, որ լավ ա:

-Բա որ ղարղառի նման չկրկնեինք, որ վատ է, արտագաղթը ի՞նչ չափերի էր հասնելու:

-Հասկանում եմ, դե ասում եմ՝ նոր ա, բերեք մի քիչ ոգևորենք: Մեկ ա՝ մենք ժամանակ ունենք, եթե իրավիճակը չփոխվի ես խոստանում եմ, որ նոր հարցազրույցի ժամանակ կասեմ, որ ներողություն եմ խնդրում Ձեզնից, որ ես ճիշտ կանխատեսումներ չեմ արել:

-Դա 100 -օրվանից հետո կլինի, ենթադրում եմ:

-Ոչ, 1 տարվա կտրվածքով, փոփոխությունները և Ձեր իսկ նշած այդ հավակնոտ բաները , երևի, ինքներդ էլ համոզված եք, որ էդպես կարճամետրաժ բաներ չեն: Եկեք պայմանավորվենք մեկ տարվա կտրվածքով, մի տարի հետո, եթե իհարկե, կենդանի մնամ… մեր տարիքի մարդիկ մի քիչ խախուտ են, էլի...

-Ձեզ՝ առողջություն և երկար տարիների կյանք: Գործարարները, որոնց հետ հանդիպել է վարչապետը, հանդիպումից դուրս եկան և ասացին, պետք է հավասար մրցակցության դաշտում գործենք: Սա ի՞նչ էր, Ամերիկա՞ հայտնաբերել…

-Էլի… բերեք պրակտիկ խոսենք, ես պրակտիկ մարդ եմ: Հովիկ Աբրահամյանի հանդիպումը գործարարների հետ և Տիգրան Սարգսյանի հանդիպումը գործարարների հետ ոչ մի նմանություն իմ մոտ չի առաջացնում: Որովհետև էլի անհատի տարբերություն կա: Ես կարծում եմ, որ Հովիկ Աբրահամյանը հենց էնպես էդ գործարար մարդկանց հետ չի հանդիպել, թե ի՞նչ են խոսել, ինչ են ասել, դա թողում եմ մի կողմ: Բայց եթե Հովիկ Աբրահամյանն է հանդիպել, էնտեղ տեղաշարժ լինելու է:

-Իսկ Ձեր կարծիքով՝ գործարարներն այս վիճակից ոգևորվա՞ծ են:

- Գործարարները՝ շատ...

-Այսինքն՝ եթե իրենք սովոր են ստվերում աշխատել, ինչո՞ւ իրենց պետք է դուր գա խաղի կանոնների փոփոխությունը:

- Հովիկ Աբրահամյանը կհա՛նի էդ ստվերից, ինքը էդ ստվերի տեղը շատ լավ գիտի: Իսկ եթե դու քո հակառակորդի բոլոր քայլերը գիտես, շատ հեշտ է ստիպել,որ ինքը անի այն քայլերը, որ դու ես ցանկանում: Ես չգիտեմ ինչու… բայց Հովիկ Աբրահամյանը, եթե վերցնենք շախմատի բանով…ինքը հակառակորդի քայլերը շատ լավ գիտի:

-Լավ, Ձեր ասածից այնպիսի տպավորություն է, որ Հովիկ Աբրահամյանը Մարսից է իջել Հայաստան ու ուզում է ամեն ինչ փոխել:

-Բայց ինչո՞ւ, մենք հավատում ենք մեր վարչապետին, ինչ մի մեծ բան ենք անում: Բա չհավատա՞նք: Դրա համար պայմանավորվեցինք, որ մեկ տարի հետո հարցազրույց ենք անում: