Հայաստանում մեր թիվ մեկ խնդիրը աշխատանք գտնելն է. սիրիահայ (տեսանյութ)

21:45 • 20.05.14

Արծաթագործ, ոսկեգործական մոդելյոր Թորոս Կազիլյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ Հայաստանում սիրիահայերի թիվ մեկ խնդիրն աշխատանք գտնելն է:


«Ամենամեծ դժվարությունն այն է, որ աշխատավարձերը քիչ են, հատկապես, որ վարձով ենք ապրում»,-նշեց արծաթագործ սիրիահայը, ապա ավելացրեց. «Ուզեցի բախտս փորձել՝ անձնական բիզնես ստեղծելով, տեսնենք, թե ինչ կստացվի»:

 

Թորոս Կազիլյանն ասաց, թե անձամբ ինքը ցանկություն չունի Սիրիա վերադառնալու:


«Բայց դե՝ գիտեք, մենք այնտեղ տուն ու տեղ ունենք, լավ կլինի՝ գոնե այդ տները վաճառենք ու գանք այստեղ, տներ գնենք: Շատ մարդիկ աշխատանք չունեն, իրենց ընտանիքը ո՞նց պետք է պահեն, դրա համար կան մարդիկ, ովքեր մտածում են, որ պատերազմը վերջանալուն պես վերադառնան Սիրիա, անցնեն իրենց հիմնական աշխատանքին»,-ասաց արծաթագործը:

 

Նշենք, որ այսօր Շառլ Ազնավուրի անվան հրապարակում Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) կազմակերպել էր ցուցահանդես-տոնավաճառ, որտեղ ՀԿԽԸ ծրագրերի շրջանակներում գործիքներ ստացած և դրա շնորհիվ սեփական փոքր բիզնես նախաձեռնած սիրիահայերը ներկայացրին իրենց արտադրանքն ու հմտությունները: