ԵՄ-ն և ԱՄՆ-ն կարող են Ուկրաինային օգնել փակել Ռուսաստանին ունեցած գազի պարտքը. Մեդվեդև

11:08 • 20.05.14

Ուկրաինան պետք է ռուսական գազի վճարման գրաֆիկ ներկայացնի, պարտքերի դիմաց զգալի վճարում կատարի՝ միգուցե ԵՄ-ի և ԱՄՆ-ի օգնությամբ: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։

 

Մեդվեդևն ասել է, որ երբ որևէ մեկին փող ես պարտքով տալիս, ապա համբույրներ ու խոստումներ չէ, որ ցանկանում ես ստանալ: Նա ասել է, որ յուրաքանչյուր պարտատու պետք է իր գումարը հետ ստանա: Մեդվեդևի գնահատմամբ՝ ռուսական գազի դիմաց Ուկրաինայի պարտքը 3,5 մլրդ ԱՄՆ դոլար է։

 

Նա նշել է, թե ռուսական կողմն իրատես է, տեսնում է, թե ինչ վիճակում է ուկրաինական տնտեսությունը և մեկ օրում չէ, որ ուզում է իր 3,5 մլրդ-ը: Նա հիշել է Արժույթի միջազգային հիմնադրամի՝ Ուկրաինային տրամադրելիք գումարի մասին, ասել, որ ամերիկացիները, եվրոպացիները, այն երկրները, որոնք կարեկցում են Ուկրաինային, կարող են օգնել մարել գազի պարտքը: