Մոտ 60 երկիր ՄԱԿ-ին կոչ է արել Սիրիայի գործը միջազգային դատարան հանձնել
Առնվազն 58 երկիր ՄԱԿ-ին կոչ է արել սատարել բանաձևի նախագծին, որով նախատեսվում է Սիրիայի գործը Միջազգային քրեական դատարանի դիտարկմանը ներկայացնել և նպաստել դրա ընդունմանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, հայտնում է Associated Press-ը:
Ըստ այդ բանաձևի՝ Միջազգային դատարանը պետք է հետաքննի լուրջ հանցագործությունների մեղադրանքները, որ կատարել են Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի զորքերը, կառավարամետ խմբավորումները, ինչպես նաև՝ զինված ընդդիմադիրները:
Բանաձևի հեղինակների նպատակն է՝ հստակ ազդանշան ուղարկել, որ ամենալուրջ հանցագործությունները միջազգային իրավունքի համաձայն չեն կարող անպատիժ մնալ:
Ըստ աղբյուրի՝ Ռուսաստանն ու Չինաստանն ըստ ամենայնի կարգելափակեն նման բանաձևի անցկացումը, սակայն մյուս կողմից միջազգային հանրության սատարումը կարող է ազդել նրանց որոշման վրա:
Ըստ այդ փաստաթղթի՝ Սիրիայի իշխանությունները պատասխանատու են զանգվածային սպանդի 8, իսկ ընդդիմադիրները՝ մեկ դեպքի համար։










